Գիտնականները բացահայտել են կանանց մոտ աուտիզմի ձեւավորման համար պատասխանատու գենը

23:49   27 մարտի, 2015

CTNND2 գենի մուտացիան է պատասխանատու կանանց մոտ աուտիզմի ձեւավորման համար, նշում են Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները: Համապատասխան հոդվածը լույս է տեսել Nature ամսագրում:

Աուտիզմը տղամարդկանց ախտահարում է չորս անգամ ավելի հաճախ, քան կանանց, սակայն կանանց աուտիզմը սովորաբար շատ ավելի ուժեղ է արտահայտվում: Հենց այդ պատճառով են հետազոտողները կարծում, որ կանանց մոոտ հիվանդության զարգացման համար պատասխանատու են գենետիկական մուտացիաների որոշ տեսակներ:

Գիտնականները պրոֆեսոր Արավինդ Չակրավարտի գլխավորությամբ հետազոտել են աուտիզմով տառապող 13 կանանց գենետիկական նյութը, համեմատել այն առողջ մարդկանց գենետիկական նյութերի հետ եւ առանձնացրել 4 գեն, որոնք կարող են աուտիզմի հետ կապված լինել, այդ գեներից է նաեւ CTNND2 գենը:

Այնուհետեւ նրանք փորձարկումներ են իրականացրել կրծողների եւ դանի-ռերիո ձկների վրա: Նշենք, որ ձկան այս տեսակը կենսաբանների համար օրգանիզմի կենսաբանական նմուշի դեր է խաղում: Արդյունքները ցույց են տվել, որ ավելի հաճախ կանանց աուտիզմի ձեւավորման համար պատասխանատու է  CTNND2 գենի մուտացիան:

Գիտնականները համոզված են, որ արձանագրած արդյունքները կարող են օգնել հիվանդության դեմ պայքարի նոր մեթոդներ մշակել: Իսկ այժմ նրանք մտադիր են մնացած երեք գեների ուսումնասիրություն անցկացրել: Այդ գեները գրավել են մասնագետների ուշադրությունը իրականացված փորձարկումների ժամանակ:



© NEWS.am Medicine