Գիտնականները մագնիսային մասնիկներով լիցքավորվող բակտերիաներ են բացահայտել

20:29   28 մարտի, 2015

Որոշ բակտերիաներ կարող են օգտագործել մանր մագնիսային մասնիկները բավականին արդյունավետ կենսաբանական լիցքավորիչներ ստեղծելու համար, հայտնում են գերմանացի մասնագետները: Science ամսագրում լույս տեսած համապատասխան հոդվածի համաձայն՝ միկրոօրգանիզմները կարող են մագնետիտ միներալի մանր մասնիկներից էլեկտրոններ ստանալ:

«Էլեկտրական» բակտերիաները արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում են գիտնականների ուշադրության կենտրոնում: Որոշ միկրոօրգանիզմներ, որոնք հավաքվել են ծովի հատակին եւ աշխարհի տարբեր գետերի հուներից, կարող են էլեկտրոններ հավաքել մետաղյա մասնիկներից եւ օգտագործել դրանք որպես էներգիայի աղբյուր:

Այժմ Տյունինբենգի գերմանական համալսարանի գիտնական Ջեյմս Բիրնը եւ նրա թիմը պարզել են, որ մագնետիտի մանրագույն բյուրեղիկները կարող են օգտագործվել որպես էլեկտրոնների դոնորներ եւ ակցեպտորներ՝ այսինքն, հանդես գալ էլեկտրական լիցքավորիչի դերում:

Հետազոտության շրջանակներում Ջեյմս Բիրնը Geobacter եւ Rhodopseudomonas տեսակի բակտերիաներ է աճեցրել, որոնք ապրում են հողի մեջ, ջրում, ինչպես նաեւ մագնետիտի վրա: Այդ բակտերիաների կողմից ստացվող լույսի քանակը վերահսկվում էր: Բիրնը ու նրա գործընկերները պարզեցին, որ որոշ բակտերիաներ կարող են էլեկտրոններ տալ բյուրեղներին, որոշներն էլ՝ վերցնել այդ էլեկտրոնները բնական տարբեր նյութերից: Այս մեխանիզմը կրկնվել է մի քանի փուլերի ընթացքում, իսկ դա նշանակում է, որ ապագայում կենսաբանական այս լիցքավորիչները կարող են բազմակի օգտագործման դառնալ:

Բիրնը ենթադրում է, որ բնական պայմաններում երկու այս ռեակցիաները, հավանաբար, տեղի են ունենում ցերեկային կամ գիշերային ցիկլերի ընթացքում, ընդ որում՝ տարբեր լիցքավորիչներ ակտիվ են փուլերի տարբեր հատվածներում: Մագնետիտի բյուրեղները, գիտնականի խոսքով, միկրոօրգանիզմների համար բնական լիցքավորիչների դեր են կատարում:

Այս բացահայտումը բավականին հեռանկարային է: Գիտնականների խոսքով՝ այս գիտելիքները կարող են օգտագործվել շրջակա միջավայրը աղտոտումներից մաքրելու համար, ինչպես նաեւ որոշ բիոինժեներական հավելվածներում:



© NEWS.am Medicine