Բրիտանացի բուժաշխատողը օգնել է երեխային լույս աշխարհ գալ Էբոլայով հիվանդների համար նախատեսված կլինիկայում

16:21   28 մարտի, 2015

Աֆրիկացիները համոզված են, որ Մակենիում (Սիերա Լեոնե) գտնվող հոսպիտալը մի վայր է, որտեղ մարդիկ գալիս են մահանալու եւ որտեղ նոր կյանք չի կարող սկիզբ առնել: Սակայն այս վայրում, որտեղ ամեն օր մահանում են Էբոլայով տառապող հազարավոր հիվանդներ, բրիտանացի բուժաշխատող Ջեյմս Մեյրինգը հայտնաբերել է նոր ծննդաբերած կնոջը եւ նրա փոքրիկին: Եվ, արհամարհելով բոլոր վտանգները, օգնել է նրանց:

Ի՞նչպես են անվանել երեխային: Իհարկե, «բժիշկ Ջեյմս», հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները:

30-ամյա բժիշկ Մերինգը՝ ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետը, մեկնել է Սիերա Լեոնե՝ արդեն իսկ ավելի քան 10 հազար կյանք խլած Էբոլայի դեմ պայքարելու համար: Նա աշխատել է բրիտանական զորքերի կողմից կառուցած եւ Մեծ Բրիտանիայի կողմից ֆինանսավորվող հոսպիտալում:

Ինչպես պատմել է ինքը բժիշկը, նա շատ ծանր գիշերային հերթափոխ է ունեցել, որի ընթացքում երկու հիվանդ մահացել է, եւս յոթ մահ արձանագրվել է ցերեկը: Հերթափոխից հետո բժիշկը մտել է պալատներից մեկը, որտեղ պառկած էին դեռեւս չհաստատված ախտորոշմամբ մարդիկ, եւ տեսել է արնոկոլոլ մի կնոջ՝ Մեմունատու Կամարյաին եւ նրա նորածին երեխային:

Բժիշկը միանգամից նետվել է երեխայի մոտ, նրան պառկացրել մայրիկի որովայնի վրա: Այնուհետեւ նա նկատել է, որ երեխան տարօրինակ լուռ է, իսկ նրա մաշկը կարծես մի փոքր կապտել է: Այդ պահին բժիշկը հիշել է, որ ժամանակին տեսել է հեռուստացույցով, որ պետք է շփել երեխայի մաշկը, որպեսզի վերջինս սկսի գոռալ: Այնուհետեւ բժիշկը, որը երբեք ծննդաբերություն չի ընդունել, կտրել է երեխայի պորտալարը եւ օգնել ծննդկանին, նրան օկսիտոցին է տվել եւ մերսել:

Շուտով երեխային բարուրել են, կնոջ արյունահոսությունը կանգնեցրել են եւ օգնել լվացվել:

Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ, պատմում է բժիշկը, այն բացառությամբ, որ շատ հազվադեպ են Էբոլայով տառապողների համար նախատեսված հոսպիտալներում երեխաներ ծնվում, եւ շատ հազվադեպ է «դեղին համազգեստ եւ կրկնակի ձեռնոցներ հագած նյարդայնացած բրիտանական բուժաշխատողը» կտրում նորածնի պորտալարը:

Բարեբախտաբար, նորածինն ու մայրը առողջ էին (Էբոլայի կասկածը չէր հաստատվել), եւ շուտով նրանք դուրս գրվեցին: Իսկ բժիշկը շատ զարմացավ, երբ իմացավ, որ երեխային իր պատվին են անվանել:



© NEWS.am Medicine