ԱՄՆ ընդունել է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի հնգամյա պլան

22:39   30 մարտի, 2015

ԱՄՆ իշխանությունները ընդունել են բակտերիաների՝ հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի հնգամյա պլանը:

Նոր այս պլանը, որը մշակվել է նախագահի համապատասխան հրամանագրով, կոչված է «հակաբիոտիկային կայունության» դեմ համազգային պայքարի «ճանապարհային քարտեզ» դառնալ եւ  «տեսականորեն ի զորու է հազարավոր կյանքեր փրկել», նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

Այս պլանը նախատեսում է միջոցառումների մի ամբողջություն, որը նպատակ ունի ամրապնդել հակաբիոտիկային կայունությամբ պայմանավորված ինֆեկցիոն հիվանդությունների սրացման կանխարգելման ներքին եւ միջազգային ներուժը, ստեղծված եւ ստեղծվող հակաբիոտիկների արդյունավետությունը: Ձեռնարկվող միջոցներից է նաեւ ախտորոշման եւ պատվաստման նոր մեթոդների ստեղծումն ու տարածումը: 2016 ֆինանսական տարում այս պլանի իրագործման համար նախատեսված է 1.2 մլրդ դոլար, հայտնում է ТАСС-ը:

Բնապահպանները հիշեցնում են, որ հակաբիոտիկները ակտիվ կիրառություն ունեն նաեւ ԱՄՆ գյուղատնտեսական ոլորտում: Նոր պլանը, սակայն, կրկին չի սահմանափակում հակաբիոտիկների՝ տնտեսություններում պահվող կենդանիների օրգանիզմ մուտք գործելու հավանականությունը, նշում է  Բնական ռեսուրսների պաշտպանության ազգային խորհրդի իրավաբան Մեյ Վուն: Նրա համոզմամբ՝ իշխանությունները պետք է պաշտպանեն մարդկանց առողջությունը, այլ ոչ ոլորտում ընդունված վնասակար պրակտիկան, իսկ դրա համար պետք է սահմանափակվի հակաբիոտիկների օգտագործումը:

 



© NEWS.am Medicine