FDA-ն հավանության է արժանացրել 2–րդ տիպի դիաբետի բուժման սկզբունքները փոխող նոր դեղերը

19:38   30 մարտի, 2015

Դեղամիջոցների նոր խումբը կարող է ամբողջապես փոխել երկրորդ տիպի դիաբետի բուժումը: SGLT2 ինհիբիտորներ կոչվող նոր դեղամիջոցները ոչ միայն դուրս են բերում ավելորդ շաքարը մեզի միջոցով, այլ նաեւ օգնում են ազատվել ավելորդ քաշից՝ բարելավելով ընդհանուր ինքնազգացողությունը:

Ամերիկյան FDA-ն հավանության է արժանացրել 3 SGLT2 ինհիբիտորների առանձին կամ դիաբետի դեմ պայքարող այլ դեղերի հետ համակցված օգտագործումը: Canagliflozin-ը (Invokana) հավանության է արժանացել դեռեւս 2013 թվականի մարտին, Dapagliflozin-ը (Farxiga)՝ 2014 թվականի հունվարին, իսկ Empagliflozin-ը (Jardiance)՝ 2014 թվականի օգոոստոսին: Վերջին այս դեղամիջոցը 7 կլինիկական փորձարկում է անցել՝ 4480 կամավորների մասնակցությամբ: Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ պլացեբոյի համեմատ՝ այն զգալիորեն բարելավում է A1c հեմոգլոբինի պարունակությունը արյան մեջ:

Դիաբետի դեմ պայքարող դեղերի մեծամասնությունը ազդում է լյարդի, աղիների եւ ենթաստամոքսային գեղձի վրա, ինսուլինի սինթեզն ակտիվացնելու կամ օրգանիզմը ինսուլինի նկատմամբ ավելի զգայուն դարձնելու համար: Իսկ նոր դեղամիջոցներն գործում են այլ կերպ: Դրանք ազդում են երիկամների վրա եւ կասեցնում շաքարի ներծծումը: Այդպես շաքարն ավելի հեշտ է դուրս բերվում օրգանիզմից, դրա պարունակությունը արյան մեջ նվազում է:

Փարձագենտների խոսքով՝ նոր դեղամիջոցները հատկապես օգտակար կլինեն ճարպակալմամբ տառապող մարդկանց համար, եթե նրանք, իհարկե, երիկամների հետ խնդիրներ չունեն: Իսկ երիկամների հիվանդություն ունեցողներիին, հղի կանանց, ինչպես նաեւ առաջին տիպի դիաբետ ունեցողներին այս դեղորայքը նշանակել չի կարելի:

Դեղամիջոցների փորձարկման ժամանակ նաեւ պարզ է դարձել, որ դրանք իջեցնում են քաշը 2.8-5.7 տոկոսով, ինչը նույնպես օգտակար է դիաբետով տառապողների առողջության համար: Հիշեցնենք, որ դիաբետի դեմ պայքարող մնացած դեղամիջոցները կամ ոչ մի կերպ չեն ազդում քաշի վրա, կամ էլ, ընդհակառակը, նպաստում են ավելորդ կիլոգրամներ հավաքելուն:

 



© NEWS.am Medicine