Երեւանի պոլիկլինիկաներն արդեն ստանում են հնգավալենտ պատվաստանյութը

20:42   30 մարտի, 2015

Այսօրվանից սկսած՝ Երեւանի պոլիկլինիկաները հնգավալենտ պատվաստանյութ են ստանում: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

NEWS.am Medicine-ի խմբագրություն էին դիմել մայրիկներ, որոնք պատմել էին, որ նրանց պոլիկլինիկաներում վերջացել են հնգավալենտ պատվաստանյութերը, ինչի հետեւանքով երեխաների պլանային պատվաստումը հետաձգվել էր մի քանի օրով:

Պարզվեց, որ շատ պոլիկլինիկաներում պատվաստանյութերը իսկապես վերջացել են, իսկ նոր պատվաստանյութերի հետ, Գայանե Սահակյանի խոսքով, որոշ խնդիրներ են ի հայտ եկել, քանի որ հետաձգվել են որոշ միջազգային չվերթներ, ինչի պատճառով դժվարացել է ներմուծումը: Մի շարք պոլիկլինիկաների եղած պաշարը հերիքել է, սակայն որոշ պոլիկլինիկաներում իսկապես դեֆիցիտ է առաջացել: 

Այժմ, Գայանե Սահակյանի խոսքով, խնդիրն արդեն իսկ լուծվել է: Երեւանի երկու ադմինիստրատիվ շրջանների պոլիկլինիկաներն արդեն ստացել են պատվաստնայութը, իսկ ամբողջ քաղաքը դրանով ապահոված կլինի, հավանաբար, մինչեւ չորեքաշբթի (ապրիլի 1):

Գայանե Սահակյանը նշեց նաեւ, որ Հայաստանի մարզերում պատվաստանյութի հետ խնդիրներ չեն եղել, քանի որ տեղի պոլիկլինիկաներում պատվաստանյութը ստանում են ելնելով առաջիկա երեք, այլ ոչ թե մեկ ամսվա հաշվարկից, ինչպես դա տեղի է ունենում Երեւանում: Բացի այդ՝ մարզերում գոյություն ունի պատվաստանյութի 25 տոկոսանոց մշտական պաշար:



© NEWS.am Medicine