ԱՀԿ՝ Էբոլայից տուժածների ընդհանուր թիվը կազմում է գրեթե 25 000 մարդ

11:44   31 մարտի, 2015

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ մոտ 25 հազար մարդ է տուժել էբոլայից Գվինեայում, Լիբերիայում, Սիերա Լեոնեում:

Ինչպես հայտնում են կազմակերպության փորձագետները, «Էբոլայից տուժածների ընդհանուր քանակը կազմում է 24 922 մարդ՝ ներառյալ 10 365 մահվան ելքով դեպք»:

Գրեթե 4 հազար մահվան ելքով դեպք արձանագրվել է Լիբերիայում, իսկ վարակվածքների ամենամեծ թիվը բաժին է հասել Սիերա Լեոնեին: ԱՀԿ տվյալներով՝ այդ երկրում 11 889 մարդ է վարակվել Էբոլայով:

Հիշեցնենք, որ Էբոլան սուր վիրուսային հիվանդություն է, որը բնութագրվում է շատ բարդ ընթացքով, վարակիչ է եւ մահացության բարձ մակարդակով է առանձնանում: Մահացության գործակիցը Էբոլայի դեպքում կազմում է 90 տոկոս:

Հիշեցնենք նաեւ, որ Էբոլայի բռնկումն արձանագրվեց Արեւմտյան Աֆրիկայում 2014 թվականի փետրվարին: Ամենաշատը հիվանդությունից տուժել են Գվինեան, Լիբերիան եւ Սիերա Լեոնեն: Վերջին շրջանում հիվանդության նոր դեպքերի քանակը նկատելիորեն նվազել է, ինչը վկայում է այն մասին, որ համաճարակը սկսել է թուլանալ:



© NEWS.am Medicine