Առողջապահության նախարարը Լատվիայի եւ Լիտվայի գործընկերներին հրավիրել է Հայաստան

16:12   31 մարտի, 2015

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի եւ Լատվիայի առողջապահության նախարար Գունտիս Բելեւիչի Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են երկու երկրի առողջապահական համակարգերի ձեռքբերումներն ու խնդիրները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Քննարկվել են համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ միջգերատեսչական փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը։

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է նաեւ Լատվիայի բժիշկների ասոցիացիայի նախագահ Պետերիս Ապինիսի հետ։ Մասնագիտական այս կառույցը զբաղվում է բժիշկների լիցենզավորման եւ որակավորման հարցերով։

Արմեն Մուրադյանն աշխատանքային հանդիպում է ունեցել նաեւ Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշավիչյուտեի հետ։ Նա առաջարկել է Լատվիայի եւ Լիտվայի նախարարներին համատեղ այցելել Հայաստան։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ առողջապահության ֆինանսավորման մեխանիզմներին, դեղերի շրջանառությանը, գնագոյացման կարգավորմանը, ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարին, առողջապահության տեսչական աշխատանքներին:

 



© NEWS.am Medicine