Ամերիկյան սուպերբակտերիան տարածվում է օդով

22:48   31 մարտի, 2015

Ամերիկյան մասնագետները Թեքսասում բակտերիա են հայտնաբերել, որը կայուն է հակաբիոտիկների նկատմամբ: Այն տարածվում է օդակաթիլային եղանակով եւ կարող է բավականին  երկար հեռավորություն հաղթահարել:

Թեքսասի համալսարանի գիտնականները փոշանման գոյացություններ են ուսումնասիրել, որոնք բերել է քամին շրջակա ֆերմաներից, որտեղ արածում է ավելի քան 5 միլիոն եղջերավոր անասուն: Պարզվել է, որ այս նյութերում մեծ քանակությամբ սուպերբակտերիաներ են պարունակվում:

«Սա առաջին նման թեստավորումն է, որի շնորհիվ պարզ է դառնում, որ մենք, հավանաբար, վտանգավոր բակտերիաներ պարունակող օդ ենք շնչում», - պատմել է թոքսիկոլոգ Ֆիլ Սմիթը:

Գիտնականները մտավախություն ունեն, որ երբ այդ նյութերը սկսեն կուտակվել որեւէ տեղ, սուպերբակտերիաները կփոխանցեն իրենց կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ այլ բակտերիաներին, ինչը կարող է տարբեր հիվանդությունների արագ տարածման պատճառ դառնալ՝ նաեւ մարդկանց շրջանում, հայտնում է Sputnik-ը:

Փորձագետները նշել են, որ ավելի վաղ այդ սուպերբակտերիաները չունեին օդով տարածվելու հնարավորություն, իսկ մարդը կարող էր վարակվել միայն վարակված մսի կամ ջրի միջոցով: Այժմ իրավիճակը փոխվել է, եւ սա անհանգստացնում է ինֆեկցիոնիստներին:

«Մենք բոլորս համոզված ենք, որ կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ գյուղատնտեսությունում դրանց լայնակի կիրառման արդյունք է, քանի որ այս ոլորտում օգտագործվում է բոլոր հակաբիոտիկների 70 տոկոսը: Բակտերիաները շատ «անուշադիր» են գենետիկական նյութերը փոխանցելիս Մենք գիտենք այն մեխանիզմը, որը կայունություն է առաջացնում, սակայն չգիտենք, ինչպես են կայունություն ունեցող բակտերիաները շարժվում շրջակա միջավայրում», - նշել է Ֆիլ Սմիթը:

Գիտնականները նշում են, որ դեղակայուն հիվանդությունները մինչեւ 2050 թվական կարող են մոտավորապես 10 միլիոն հավելյալ մահվան պատճառ դառնալ:



© NEWS.am Medicine