Արդյոք Հայաստանում տարածված են անեմիան ու երկաթի պակասը

11:42   1 ապրիլի, 2015

Ալյուրի՝ երկաթով հարստացման կողմնակիցների հիմնական փաստարկն այն է, որ Հայաստանում տարածված է անեմիան: Ինչպես նշում են Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, երեխաների 37 եւ վերարտադրողական տարիքի կանանց 25 տոկոսը տառապում են անեմիայով: Սակայն կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը նշում է, որ այդ տվյալները վստահություն չեն ներշնչում:

Նրա խոսքով՝ չի կարելի բացառել, որ Հայաստանում իսկապես շատ են անեմիայով տառապող մարդիկ, սակայն դա ապացուցող որեւէ հետազոտություն չկա: Իսկ այն հետազոտությունը, որը հիշատակավում է ԱՆ-ի կողմից, իրականացվել է դեռեւս 2005 թվականին եւ նույնիսկ դրա հեղինակներն են նշում, որ արդյունքները անհավատալի են թվում: Բանն այն է, որ, համաձայն այդ հետազոտության արդյունքների՝ անեմիայով տառապող երեխաների քանակը Երեւանում եռապատկվել է 5 տարվա ընթացքում, իսկ նմանատիպ արագ աճը այդքան կարճ ժամանակահատվածում հավանական չի թվում:

Ինչպես նշել է Աշոտ Կարապետյանը, հենց հետազոտության հեղինակներն են ենթադրել, որ, հավանաբար, տեղեկությունների հավաքագրումը հետազոտության ընթացքում սխալ է իրականացվել կամ էլ ոչ ճիշտ են օգտագործվել անալիզի համար նախատեսված սարքավորումները:

«Չի կարելի կենսական նշանակության օրենք ընդունել՝ հիմնվելով նման ոչ ստույգ տվյալների վրա», - նշել է կենսաֆիզիկոսը:

Հիշեցնենք, որ որոշ փարձագետների կարծիքով, ալյուրի հարստացման ծրագիրը պրեմիկսներ եւ սննդային հավելումներ արտադրող ընկերությունների կազմակերպած յուրատեսակ դավադրություն է, քանի որ այս ամենից կշահեն միայն սպառման շուկայի կարիք ունեցող այդ ընկերությունները: Իսկ ալյուրի հարստացման ծրագիրը կարող է ազգային աղետի վերածվել, քանի որ սինթետիկ պրեմիկսներն ու դրանց ավելցուկը օրգանիզմում կարող են առողջական խնդիրներ առաջացնել:

«Մենք պարտավոր չենք ապացուցել պրեմիկսների վնասակարությունը, այդ նրանք պետք է ապացուցեն, որ այդ պրեմիկսներն անվտանգ են», - նշել է կենսաֆիզիկոսը:



© NEWS.am Medicine