5 պատճառ հենց հիմա զբոսանքի դուրս գալու համար

19:57   1 ապրիլի, 2015

Զբոսանքը շատ կարեւոր է առողջության համար, նշում են մասնագետները: Ահա հինգ պատճառ զբոսանքի դուրս գալու համար.

1. Զբոսանքը օգնում է հաղթահարել սթրեսը

Զբոսանքի ընթացքում մարդու օրգանիզմում սինթեզվում են երջանկության հորմոնները՝ էնդորֆինները: Այսպիսով, զբոսանքը օգնում է հաղթահարել սթրեսը, բարձրացնել տրամադրությունը եւ մարդուն իր ուժերին ավելի վստահ դարձնել:

2. Զբոսանքը օգնում է նիհարել

Օրական նույնիսկ 30 րոպե ոտքով զբոսնելը կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից: Ի տարբերություն շատ վարժությունների՝ զբոսնելը անվտանգ է, եւ ի տարբերություն մարզասրահ այցելությունների՝ անվճար:

Մասնագետները խորհուրդ են տալիս սկսել օրական քսան րոպե զբոսնելուց՝ աստիճանաբար երկարացնելով զբոսանքի տեւողությունը: Լավ կլինի, եթե որոշ ժամանակ անց դուք սկսեք օրական 10 հազար քայլ անել:

3. Զբոսանքը կարգավորում է ճնշումը եւ բարելավում քունը

Այն մարդիկ, ովքեր շատ են քայլում ոտքով, ավելի հազվադեպ են բախվում սրտի նոպաների եւ ինսուլտի հետ, ինչպես նաեւ ավելի քիչ են հակված բարձր զարկերակային ճնշում ունենալուն: Բացի այդ՝ ոտքով զբոսնելը ամրապնդում է իմունային համակարգը, նվազեցնում քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հավանականությունը, բարելավում է քնի որակը:

4. Զբոսանքն օգնում է ազատվել առանց անհրաժեշտության սնվելու սովորությունից

Անկանոն սնվելը ավելորդ քաշի խնդիր ունեցող մարդկանց թշնամին է, քանի որ անկանոն սնվելու դեպքում սովորաբար օգտագործվում են բարձր կալորիականությամբ յուղոտ եւ քաղցր մթերքները: Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, այն մարդիկ, ովքեր հաճախ են զբոսնում, ավելի քիչ են հակված անկանոն սնվելուն եւ ավելի հեշտ են նիհարում:

5. Քայլերը հաշվող սարք օգտագործեք

Քլիվլենդի կլինիկայի մասնագետները խորհուրդ են տալիս քայլերը հաշվող սարք ունենալ, որը կօգնի հաշվել, թե քանի քայլ եք Դուք կատարել: Ասում են, որ այդ սարքն ունեցող մարդիկ օրական 2000 քայլ ավել են անում:



© NEWS.am Medicine