Դեղեր եւ բժշկական պարագաներ են տրամադրվել մարզաբնակ ականատես-վերապրածներին

18:24   1 ապրիլի, 2015

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության համակարգող խորհուրդը շարունակում է մարզային համայցերը` բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելով Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածներին:

Համակարգող խորհրդի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ այսօր այց կատարվեց Արմավիրի մարզ, ուր ականատես-վերապրածների թիվն ամենամեծն է:

Մարզաբնակ ականատես-վերապրածներին տրամադրվեցին բժշկական ցուցումներին համապատասխան դեղեր եւ բժշկական պարագաներ:

Մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում Երեւանում եւ մարզերում կատարվում են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվում են ականատես-վերապածների բժշկական անձնագրերը:

«Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը եւս իր աջակցությունն է ցուցաբերում` տրամադրելով խնամակալներ:

Բժշկական օգնության կարիք ունեցողները Երեւանում գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարզային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:

Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռեւս 2014թ.: Ակնաբուժական նախագիծը մարզաբնակ ականատեսների համար կազմակերպում է մասնագետների պարբերական այցելություններ: Աշխատանքներին աջակցում է նաեւ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ ականատես-վերապրածներին առնչվող առողջապահական հարցերին արագ արձագանքելու եւ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը:



© NEWS.am Medicine