Երբեմն ուղեղը ծանրաբեռնում է ինքն իրեն ավելորդ աշխատանքով

22:46   9 ապրիլի, 2015

Հետազոտողները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ մնացածներից արագ նոր հմտություններ յուրացնում:

Գիտնականների փвրձարկումներին մասնակցել են մարդուց ուշադրություն եւ արագ արձագանքելու հմտություն պահանջող հատուկ համակարգչային խաղի միջոցով պատրաստում անցած կամավորները: Նրանք վեց շաբաթ շարունակ խաղացել են այդ խաղը, իսկ գիտնականները ուսումնասիրել են նրանց ուղեղի 112 հատվածների աշխատանքը խաղալու ընթացքում:

Արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մի խումբը շատ արագ է խաղալ սովորել, իսկ ահա մնացածները՝ դանդաղ: Ուսումնասիրելով ուղեղի տարբեր հատվածների փոխազդեցությունը՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ որոշ մարդկանց ուղեղը ավելի է հակված նոր գիտելիքներ ձեռք բերելու գործընթացքում ներգրավել այն հատվածները, որոնց աշխատանքի անհրաժեշտությունը տվյալ պահին չկա: Իսկ այն կամավորների ուղեղը, որոնք լավ արդյունքներ են արձանագրել կարճ ժամանակահատվածում, ընդհակառակը, հնարավորինս նվազեցնում է գործընթացում ներգրավված հատվածների քանակը:

Գիտնականները համոզված են, որ նրանց աշխատանքը ապացուցում է այն փաստը, որ որոշ դեպքերում մարդկանց ուղեղը ծանրաբեռնում է ինքն իրեն ավելորդ աշխատանքով, ինչի արդյունքում նվազում է կոգնիտիվ գործառույթների արագությունը:

 



© NEWS.am Medicine