Հակաբիոտիկները՝ մանկական ճարպակալման հիմնական պատճառ

11:40   14 ապրիլի, 2015

Կյանքի առաջին 6 ամիսներին հակաբիոտիկների ընդունումը զգալիորեն նպաստում է երեխայի մոտ ճարպակալման զարգացմանը, նշում են Kuopio University Hospital-ի ֆին գիտնականները:

Ինչպես ցույց է տվել նրանց լայնածավալ հետազոտությունը, հակաբիոտիկները նպաստում են երեխաների մոտ ավելորդ քաշի գոյացմանը: Հենց այդ պատճառով հաճախակի օգտագործվող հակաբիոտիկները կարելի է համարել մանկական ճարպակալման համաճարակի պատճառ:

Այսօր աշխարհի զարգացած երկրներում 10-11 տարեկան երեխաների 30 տոկոսը եւ 4-5 տարեկան երեխաների ավելի քան 20 տոկոսը ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեն: Դա բարձրացնում է հանկարծակի մահվան վտանգը եւ մի շարք լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Հատկանշական է, որ առավել զգայուն են ճարպակալման նկատմամբ հակաբիոտիկներ ընդունած տղաները: Երբ ֆին գիտնականները համեմատել են հակաբիոտիկներ ընդունած ավելի քան 12 հազար առողջ երկու տարեկան երեխաների քաշն ու հասակը, պարզվել է, որ երկու տարեկան հասակում ամեն 5-րդ տղան եւ ամեն 10-րդ աղջիկը տառապում էին ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ: Կյանքի առաջին 6 ամիսներին հակաբիոտիկներ ընդունած երեխաները բախվում էին եթե ոչ ճարպակալման, ապա ավելորդ քաշի խնդրին:

Ցավոք սրտի, հետազոտությունը չի բացատրել ճարպակալում առաջացնելու հակաբիոտիկների մեխանիզմը; Հավանաբար, բանն այն է, որ այս դեղորայքը սպանում է աղիքային համակարգի օգտակար բակտերիաները, որոնք սովորաբար ազդում են մարսողության վրա: Բացի այդ՝ «անվնաս» որոշ բակտերիաների ոչնչացումը դրական է անդրադառնում ախորժակի վրա:



© NEWS.am Medicine