Կրեատին պարունակող դեղորայքը կարող է ամորձիների քաղցկեղի պատճառ դառնալ

20:39   16 ապրիլի, 2015

Կրեատին պարունակող սննդային հավելումները, որոնք օգնում են զարգացնել մկանային համակարգը, կարող են ամորձիների քաղցկեղի պատճառ դառնալ: Ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները, կրեատին կամ անդրոստենդիոն պարունակող հաբերի կամ փոշիների օգտագործումը մի ամբողջ 65 տոկոսով ավելի հավանական է դարձնում քաղցկեղի այս տեսակի առաջացումը:

Գիտնականները փորձել են պարզել, ազդում են արդյոք այս միջոցների ամորձիների առողջության վրա՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ, եթե 1975 թվականին ամորձիների քաղցկեղն ախտորոշվում էր 100 հազար տղամարդկանցից 3.7-ի մոտ, այժմ այդ ցուցանիշը կազմում է 5.9:

Գիտնականները մանրամասն հարցում են իրականացրել 900 տղամարդկանց շրջանում, որոնցից 365-ը տառապում էր ամորձիների քաղցկեղով: Մասնագետները փորձում էին պարզել, ինչ սննդային հավելումներ են օգտագործում այս տղամարդիկ, ծխում են արդյոք, ինչքան հաճախ են ալկոհոլ օգտագործում, աճուկի շրջաների վնասվածքներ ունեցել են թե ոչ: Գիտնականները ուշադրություն էին դարձնում նաեւ ընտանեկան անամնեզի վրա: Ռիսկի այլ գործոնների հետ մեկտեղ՝ պարզվեց, որ մկանային զարգացման համար նախատեսված սննդային հավելումները 65 տոկոսով բարձրացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Տոնգժանգ Շենգը, նշում է, որ այս հավելումների օգտագործման ժամկետը, տղամարդու տարիքը, ինչպես նաեւ օգտագործվող դեղորայքի քանակը նույնպես կարեւոր դեր են խաղում: Այն տղամարդկանց մոտ, որոնք սկսել են սննդային հավելումներ օգտագործել մինչեւ 25 տարեկան դառնալը, ամորձիների քաղցկեղի զարգացման հավանականությունը 2.21 անգամ ավելի իրական էր՝ հավելումներ չընդունածների համեմատ: Այս հավելումները երեք տարուց ավել օգտագործողների մոտ նշյալ վտանգն աճում էր երկու անգամ: Իսկ ահա այս հավելումների երկու եւ ավելի տեսակ օգտագործողների մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունն աճում է մի ամբողջ 177 տոկոսով:

Հետազոտության արդյունքներն արտացոլող հոդվածը լույս է տեսել British Journal of Cancer ամսագրում: 



© NEWS.am Medicine