Երեւանում կկայանա «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը» նախագծի շնորհանդեսը

12:46   16 ապրիլի, 2015

2015 թվականի ապրիլի 20-ին, ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության շենքում տեղի կունենա «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը» նախագծի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը։

 Հայաստանի պատմության վերակառուցումը դժվարին խնդիր է մի քանի առումներով: Պատմական արժեքավոր փաստարկների մի ահռելի բաժին ոչնչացվել կամ անհետացել է հայկական երկրամասում բազմաթիվ արշավանքների եւ երկրաշարժերի հետեւանքով: Բացի այդ, հարեւան երկրների միջեւ պատմական Հայաստանի ներկայիս պատմաքաղաքական բաժանման արդյունքում արխիվային եւ հնագիտական ուսումնասիրությունները դարձել են նրբախնդիր եւ, հաճախ, դժվար իրագործելի: Տարիների ընթացքում հարկադիր թե կամավոր համասփռումը հանգեցրել է աշխարհով մեկ տարածված հայկական խոշոր սփյուռքի ձեւավորմանը:

 Առաջին անգամ ներկայացվում է պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրման արդյունքները: Քարտեզը վերարտադրում է հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրական խճանկարը, որը ձեւավորվել եւ հազարամյակների ընթացքում բարգավաճել է Հայկական լեռնաշխարհի տարածքում:

 Սերնդեսերունդ մենք ենթարկվում ենք մեր նախնիների ծննդավայրերի մասին գենետիկական հիշողության անդառնալի կորստի վտանգին: Ուստի այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է` անմահացնելու հայերի բազմադարյա ժառանգությունը` դրանով իսկ ստեղծելով ուրույն «Գենետիկական հուշամատյան»:



© NEWS.am Medicine