ԱՄՆ բժիշկները Երեւանում էնդոպրոթեզավորման 17 անվճար վիրահատություն են կատարել

20:41   17 ապրիլի, 2015

Ապրիլի 13-17-ը ԱՄՆ-ից ժամանած բժիշկները ծնկի հոդերի էնդոպրոթեզավորման 17 վիրահատություն են իրականացրել: Վիրահատություններից մեկի ընթացքում Հայաստանում առաջին անգամ փոխել են միանգամից երկու ծնկի հոդ, ինչի շնորհիվ սայլակին գամված երիտասարդ կինը կարողացել է քայլել:

Ակցիայի նախաձեռնողն է Աննա Կուլիջյանը՝ UC San Diego Moores Cancer Center-ի օրթոպեդիկ բաժանմունքի ղեկավարը: Նա պատմեց լրագրողներին, որ ակցիայի հիմնական նպատակն է՝  Հայաստան բերել էնդոպրոտթեզավորման նորագույն տեխնոլոգիաները և սովորեցնել հայ մասնագետներին օգտագործել դրանք:

Ինչպես իր հերթին նշեց Scripps Green Hospital-ի (ԱՄՆ) օրթոպեդ-վիրաբույժ Սթիվեն Քոփը, հայ վիրաբույժները շատ մեծ գիտելիքներ ունեն էնդոպրոթեզավորման ոլորտում, փոխարենը կա պրակտիկայի պակաս: Սան Դիեգոյում, որտեղ աշխատում է Քոփը, 3.4 միլիոն մարդ է ապրում՝ մոտավորապես նույնքան, որքան Հայաստանում, ամեն տարի այնտեղ 15 հազար էնդոպրոթեզավորման վիրահատություն է արվում, իսկ Հայաստանում՝ ընդամենը 200:

Վիրաբուժական գործիքները, ինչպես նաեւ էնդոպրոթեզները բարեգործական վիրահատությունների համար տրամադրել է Stryker ընկերությունը: Ինչպես նշեց ընկերության ներկայացուցիչ Սթեյսի Լենգը, ընկերությունը ծախսել է մոտ 500 հազար դոլար:



© NEWS.am Medicine