45-57 տարեկան ամերիկացիների կեսը ասպիրին է ընդունում

18:44   20 ապրիլի, 2015

45-57 տարեկան ամերիկացիների կեսը ասպիրին է ընդունում, հայտնում են Օրեգոնի համալսարանի մասնագետները: Համապատասխան հոդվածը լույս է տեսել Journal of Preventive Medicine ամսագրում:

Համաձայն հետազոտության հեղինակների արձանագրած տվյալների՝ ասպիրին օգտագործողների քանակը շարունակում է աճել՝ հատկապես այն ամերիկացիների շրջանում, ովքեր ասպիրին են ընդունում սիրտ-անոթային հիվանդությունների կամ քաղցկեղի կանխարգելման նպատակով:

2500 ամերիկացու շրջանում հետազոտություն անցկացնելով՝ գիտնականները պարզել են, որ հետազոտվածների 21 տոկոսը նախկինում նշյալ նպատակով ասպիրին է ընդունել, սակայն այժմ դադարել է, իսկ հարցմանը մասնակցածների 52 տոկոսը շարունակում է այն ընդունել: Գիտնականների խոսքով՝ ասպիրինի օգտագործումը աճել է 57 տոկոսով 2005-2010 թվականներին:

Ասպիրինը հակակոօագյուլանտ է, այսինքն՝ այնպիսի դեղորայք, որը ջրիկացնում է արյունը եւ կանխարգելում տրոմբերի առաջացումը, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել այն տրոմբոֆիլիայի արդյունքում ի հայտ եկած բարդացումների կանխարգելման համար, որոնց արդյունքում արյունն ավելի խիտ է դառնում: Սակայն շատերն ընդունում են այս դեղորայքը քաղցկեղի կանխարգելման համար՝ չնայած նրան, որ քաղցկեղային հիվանդությունները կանխարգելելու ասպիրինի հատկությունը գիտականորեն ապացուցված չէ: Նշենք, որ ասպիրինի չարաշահումը ավելի հավանական է դարձնում արյունահոսություններն ու մի շարք այլ հիվանդություններ: 



© NEWS.am Medicine