28-ամյա Լիդսի բնակչուհի Քերրի Արմիտաջի մոտ ամուսնու կամ երեխաների համբույրները ալերգիա են առաջացնում, նրա մարմնի վրա ցան է ի հայտ գալիս երբ նրան համբուրում են:
Երեք երեխաների մայր Քերին, տառապում է հեղուկի նկատմամբ հազվադեպ ալերգիայով: Ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ տառապող ընդամենը մի քանի մարդ կա: Հիվանդության պատճառով կինը ստիպված սահմանափակում է հեղուկի հետ կոնտակտը, սակայն ջուր խմել կարողանում է:
Հիվանդությունն ախտորոշել էին երկու տարի առաջ՝ այն բանից հետո, երբ նրա մաշկը ծածկվեց ցանով՝ անձրեւի տակ մնալուց հետո: Այդ օրվանից ի վեր Քերին չի կարողանում համբուրել իր ամուսնուն, քանի որ նույնիսկ խոնավ շրթունքների պատճառով նրա մոտ ալերգիկ ռեակցիա կարող է ի հայտ գալ:
Ալերգիան կարող է սկսվել նույնիսկ սեփական երեխային գրկելու հետեւանքով, եթե վերջինս քրտնած է: Բացի այդ՝ Քերին չի կարող լացել, քանի որ սեփական արցունքները նույնպես ալերգիա կարող են առաջացնել:
Ամեն օր Քերին ստիպված է պայքարել հիվանդության դեմ՝ մաշկը պաշտպանելով ցանից: Նա նույնիսկ ստիպված եղավ թողնել աշխատանքը: