Մեզի անալիզը կարող է կանխատեսել ճարպակալումը

21:41   1 մայիսի, 2015

Որոշ քիմիական նյութերի առկայությունը մարդու մեզի մեջ կարող է օգնել բժիշկներին կանխատեսել ճարպակալման զարգացման հավանականությունը, նշում են Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետները:

Վերջերս իրականացրած հետազոտությունների ընթացքում նրանց հաջողվեց առանձնացնել մարդու մեզի քիմիական մարկերները, որոնք կապված են մարմնի զանգվածի հետ: Շնորհիվ այս անալիզի՝ կարելի է կանխատեսել ճարպակալումը նույնիսկ այն ժամանակ,երբ մարդու քաշը դեռեւս նորմայի սահմաններում է:

Հետազոտություն հեղինակ պրոֆեսոր Ջերեմի Նիկոլսինի խոսքով՝ ստացած տվյալները կարող են օգտագործվել կանխարգելման նոր մեթոդների ստեղծման համար: Նշենք, որ ճարպակալումն ու դրա հետ կապված խնդիրները վերջին շրջանում իսկական գլխացավանք են դարձել առողջապահության ոլորտի մասնագետների համար:

Մարդու մեզի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր, որոնք մետաբոլիտներ են կոչվում եւ օրգանիզմում ընթացող բիոքիմիական տարբեր պրոցեսների արդյունք են: Գոյություն ունեն մետաբոլիտների պարունակության վերլուծության մեթոդներ, որոք մարդու գենետիկայի եւ նույնիսկ ապրելակերպի մասին շատ բան կարող են ասել:

Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ներկայացնող ավելի քան 20 հազար կամավորների մեզի անալիզները եւ 29 մետաբոլիտ գտել, որոնց պարունակության մակարդակը համամասնական էր մարմնի զագվածի նկատմամբ: Որոշ մետաբոլիտներ արտադրվում են աղիքների բակտերիաների կողմից եւ, հետեւաբար, շատ կարեւոր դեր են խաղում մարդու կյանքում:

Հիշեցնենք, որ ճարպակալումը, մասնագետների պնդմամբ, բարձրացնում է սրտի հիվանդությունների, քաղցկեղի ու դիաբետի հավանականությունը, սակայն ճարպի ազդեցությունը սրտի հիվանդությունների վրա դեռեւս ուսումնասիրված չէ:

 



© NEWS.am Medicine