Այսօր մանկաբարձի միջազգային օրն է

12:44   5 մայիսի, 2015

Այսօր՝ մայիսի 5-ին, իրենց մասնագիտական տոնն են նշում մանկաբարձները՝  մարդիկ, որոնք օգնում են մարդկանց լույս աշխարհ գալ: Մանկաբարձի միջազգային օրը (International Midwives' Day) սկսել են նշել այն ժամանակ, երբ 1987 թվականին Մանկաբարձների միջազգային ասոցիացիան հանդես եկավ այդպիսի նախաձեռնությամբ: Իսկ ահա պաշտոնական կարգավիճակ այս օրը ձեռք է բերել 1992 թվականին:

Օրվա հիմնական առաքելությունը մնակաբարձների աշխատանքի կարեւորության մասին իրազեկելն է: Այս մասնագիտության կարեւորությունը գերագնահատել դժվար է, քանի որ հենց մանկաբարձից, նրա փորձից, գիտելիքներից ու հմտությունից է կախված մոր եւ մանկան կյանքն ու առողջությունը: Հենց մանկաբարձն է գտնվում ապագա մայրիկի կողքին ծննդատուն գալու պահից ի վեր մինչեւ դուրս գրվելը: Իսկ ծննդաբերության ընթացքում հենց մանկաբարձն է ծննդկանների անհրաժեշտ բժշկական եւ հոգեբանական օգնություն ցուցաբերում:

Ամբողջ աշխարհում այս օրը տարբեր միջոցառումներ են անցկացվում: Կազմակերպվում են հանդիպումներ ու սեմինարները, անվճար կոնսուլտացիաներ, տրամադրվում են տեղեկություններ մանկաբարձների աշխատանքի մասին: Այս օրն անցկացվող գիտական միջոցառումներն էլ պատմում են մանկաբարձության ոլորտում առկա խնդիրների եւ նոր նվաճումների մասին:

Մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի որոշմամբ՝ մինչեւ 2015 թվականը մնակաբարձի օրվա միջազգայից կարգախոսն է «Աշխարհը երբեք այսքան սուր չէր զգացել մանկաբարձների կարիքը»:



© NEWS.am Medicine