Ոչ բարդ շնչառական վարժությունը թույլ կտա ավելի հեշտ քուն մտնել

22:42   5 մայիսի, 2015

Եթե Դուք քնի խանգարում ունեք եւ ոչ մի կերպ չեք կարողանում քնել, իսկ տաք լոգանքն ու հաշվելը չեն օգնում, փորձեք այս հեշտ վարժությունը, այն կօգնի քնել ընդամենը մի քանի րոպեի ընթացքում:

Շնչառական այս տեխնիկան կոչվում է 4-7-8 եւ մշակվել է բժիշկ Էնդրյու Վեյլի կողմից (Հարվարդի համալսարան): Գիտնականը պնդում է, որ այս մեթոդիկայի շնորհիվ անքնության ցանկացած զոհ կարող է քնել ընդամենը 60 վայրկյանի ընթացքում՝ առանց քնաբերների: Այս մեթոդիկան նկարագրվում է որպես նյարդային համակարգի բնական տրանկվիլիզատոր, որն օգնում է նվազեցնել օրգանիզմի լարվածությունը: Այն հիմնված է պարանայամի հին հնդկական տեխնիկայի վրա:

Սկզբի համար արտաշնչեք՝ «ու-ու-ու» հնչյունն արտասանելով: Այնուհետեւ փակեք բերանը եւ դանդաղ շնչեք քթի միջոցով՝ մտքում մինչեւ չորսը հաշվելով: Այնուհետեւ պահեք շունչը, հաշվեք մինչեւ 7-ը: Հաշվելուց հետո նորից արտաշնչեք՝ եւս մեկ անգամ «ու-ու-ու» հնչյունն արտասանելով 8 վայրկյանի ընթացքում: Այնուհետեւ նորից շնչեք եւ կրկնեք ամբողջ ցիկլը երեք անգամ, որպեսզի ընդհանուր առմամբ շնչեք ու արտաշնչեք 4 անգամ:

Այսպիսով, Դուք պետք է դանդաղ շնչեք քթի եւ արտաշնչեք բերանի միջոցով: Ընդ որում՝ արտաշնչելը երկու անգամ ավել ժամանակ կպահանջի, քան շնչելը: Ստույգ ժամանակը, որը պահանջվում է ամեն ֆազայի համար, կարեւոր չէ, փոխարենը կարեւոր է հետեւել 4-7-8 սկզբունքին: Մեթոդի էությունն այն է, որ այն թթվածնին հնարավորություն է տալիս ամբողջությամբ լցնել թոքերը, ինչը հանգստացնում է նյարդային համակարգը, նպաստում է հանգստի զգացման ի հայտ գալուն, ինչն իր հերթին կհեշտացնի քուն մտնելը:



© NEWS.am Medicine