Կանաչ թեյն ու ֆիզիկական վարժությունները կարող են օգնել Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարում

16:44   6 մայիսի, 2015

Մի բաժակ կանաչ թեյն ու դրան հետեւող ֆիզիկական վարժությունները կարող են օգնել դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը, նշում են Միսուրիի համալսարանի ամերիկյան գիտնականները:

Նրանք պարզել են, որ էպիգալոկատեխին-3-գալլատը (EGCG), որը պարունակվում է կանաչ թեյի մեջ՝ ֆիզիկական վարժությունների հետ համակցման դեպքում կարող է օգնել դանդաղեցնել Ալցհեյմերի զարգացումը:

Մասնագետների տվյալներով՝ կանաչ թեյի էքստրակտը, որն իրեն շատ լավ դրսեւորեց մկների վրա իրականացրած փորձարկումների ժամանակ, կարող է դրական անդրադառնալ Ալցհեյմերի հիվանդության բուժման վրա:

Ուղեղի բորբոքումը վաղուց են կապում Ալցհեյմերի հիվանդության հետ, եւ վերջին հետազոտությունները ցույց են տվել սննդային հակաօքսիդանետների արդյունավետությունը այս հիվանդության զարգացումը կանխելու տեսանկյունից: Մասնագետները որոշեցին հետազոտել ֆիզիկական ակտիվության եւ կանաչ թեյի էքստրակտի ազդեցությունը մկների հիշողական ֆունկցիաների վրա: Արդյունքում պարզվեց, որ նշյալ գործոնների ազդեցությամբ մկների հիշողությունը բարելավվում էր: Մկների ուղեղը վերլուծել են EGCG էֆեկտների առկայությունը պարզելու համար: Պարզվեց, որ մկների ուղեղում նվազել է բետա-մակարդակների քանակը, իսկ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մկների մոտ բարելավվել է վարքագիծը:

EGCG միակցության հետագա ուսումնասիրումը կարող է օգնել առաջընթաց գրանցել Ալցհեյմերի բուժման գործում, նշում են գիտնականները:



© NEWS.am Medicine