Սմարթֆոնը կարող է օգնել ախտորոշել աչքի քաղցկեղը

20:28   16 մայիսի, 2015

Սովորական սմարթֆոնի միջոցով արված նկարը կարող է օգնել ախտորոշել ռետինոբլաստոման՝ աչքի քաղցկեղը, որը քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է, որը հիմնականում ախտահարում է մինչեւ 5 տարեկան երեխաներին:

Հենց այդպիսի մի նկար օգնեց փրկել երկու տարեկան Ավերի՝ Ջուլի Ֆիցջերալդի որդու կյանքը:

Տեսնելով, որ նկարների վրա իր որդին տարօրինակ աչքեր ունի՝ Ջուլին անհանգստացավ: Իսկ հետո, համացանցում կարդաց, որ այսպիսի նկարները կարող են խոսել առողջական խնդիրների մասին եւ դիմեց բժշկի, որն էլ հաստատեց՝ փոքրիկը աչքի քաղցկեղ ունի: Դա օգնեց ժամանակին բուժում սկսել: Եվ, չնայած նրան, որ փոքրիկը զրկվեց մի աչքից, նա կարողացավ ողջ մնալ:

Եվ այսպես, քաղցկեղի ախտորոշման համար կարելի է օգտագործել սմարթֆոն: Ընդ որում՝ ինչքան որակյալ է տեսախցիկը, այդքան մեծ է հավանականությունը, որ քաղցկեղի այս տեսակը հնարավոր կլինի ախտորոշել ժամանակին:

Եթե նկարի վրա՝ աչքի բիբի շրջանում սպիտակ կետ կա, խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկի: Փաստ չէ, որ դա անպայման քաղցկեղ պետք է լինի, սակայն ամեն դեպքում, ուշադրություն դարձնել պետք է: 



© NEWS.am Medicine