Աղջիկը մեկ շաբաթ չի քնել՝ տեսողությունից չզրկվելու համար

16:46   19 մայիսի, 2015

Մեծ Բրիտանիայի 18-ամյա բնակչուհի Ջեսիկա Գրինին շատ հազվադեպ մակաբույծի զոհ է դարձել: Մակաբույծը բնակություն էր հաստատել նրա աչքի մեջ եւ կարող էր զրկել նրան տեսողությունից: Բժիշկները աղջկան մեկ շաբաթ շարունակ արթուն են պահել՝ նրա տեսողությունը փրկելու համար:

Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ աղջկա աչքը սկսեց այտուցվել, սակայն նա մտածեց, որ դա աննշան ինֆեկցիա է եւ ուշադրություն չդարձրեց: Մեկ շաբաթ անց նրա աչքը այտուցվեց եւ նմանվեց գոլֆի գնդակի: Աղջիկը դիմեց բժիշկներին եւ հետազոտություններից հետո պարզվեց, որ նրա աչքի բիբի մեջ Acanthamoeba Keratitis անվանումով մակաբույծ է հայտնվել, որի պատճառով աղջիկը ոչ միայն կարող էր կուրանալ, այլ նաեւ մահանալ, եթե մակաբույծը հասներ մինչեւ ողնաշար:

Աղջկան աչքի կաթիլներ են նշանակել, որոնք նա պետք է ստանա տաս րոպեն մեկ: Քնելը կտրականապես հակացուցված էր, եւ աղջիկը ստիպված եղավ արթուն մնալ 7 օր շարունակ: Ամեն տաս րոպեն մեկ նրա պալատ էր մտնում բուժքույրը, որը կաթացնում էր հեղուկը աչքի մեջ: Ջեսիկային թույլատրվում էր ընդամենը ննջել մի քանի րոպե:

«Սա պարզապես տառապանք էր, - պատմում է աղջիկը, - չորրորդ օրը ես սկսեցի խելագարվել, աչքերիցս անընդհատ արցունքներ էին հոսում, սակայն ոչինչ տեղի չէր ունենում: Մակաբույծը շարունակում էր մնալ աչքիս մեջ, եւ ինչը, էլ ավելի վատ է, իմունային համակարգը դադարեց աշխատել քնի պակասի պատճառով»:

Բարեբախտաբար, անկոչ հյուրին հաջողվեց վերացնել, սակայն նույնիսկ դուրս գրվելուց հետո աղջիկը ստիպված էր ամեն օր 21 կաթիլ կաթացնել աչքերի մեջ:

Acanthamoeba Keratitis-ը բնակվում է ջրի մեջ եւ աղջիկը վարակվեց, հավանաբար, այն ժամանակ, երբ լվանում էր իր աչքի լինզաները: 



© NEWS.am Medicine