Երեւանում մաշկավեներոլոգների միջազգային կոնֆերանս է տեղի ունենում

14:19   22 մայիսի, 2015

Մայիսի 22-23-ը ընթացող «Երեւանյան մաշկավեներոլոգիական ընթերցումներ» խորագրով կոնֆերանսի ընթացքում հայ, ինչպես նաեւ արտասահմանից ժամանած մաշկավեներոլոգները քննարկում են մաշկաբանությանը, վեներոլոգիային, ինչպես նաեւ կոսմետոլոգիային նվիրված հարցեր: Կենֆերանսը նվիրված է Հայաստանում մաշկավեներաբանության հիմնադրման 90-ամյակին:

Ինչպես նշեց  NEWS.am Medicine –ի հետ զրույցում մաշկաբանության եւ սեռավարակների Գիտաբժշկական կենտրոնի ղեկավար Միքայել Սահակյանը, կոնֆերանսին հրավիրված են մոտ 30 մասնագետներ ՌԴ-ից, Վրաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից:

Այս ֆորմատով, նրա խոսքով, կոնֆերանսն անց է կացվում առաջին անգամ, այն կազմակերպված է մաշկավեներոլոգների Ասոցիացիայի եւ Կենտրոնի ջանքերով: Մ. Սահակյանի խոսքով՝ այս ֆորումը շատ կարեւոր է, առաջին հերթին, երիտասարդ մասնագետների համար, որոնք հնարավորություն կստանան ունկնդրել արտասահմանյան մասնագետների դասախոսություններին ու զեկուցումներին: Նա նշեց նաեւ, որ կոնֆերանսը միասնական թեմատիկա չունի, այստեղ ներկայացված զեկուցումները նվիրված են ինչպես վեներոլոգիային եւ մաշկաբանությանը, այնպես էլ կոսմետոլոգիային, սեռական առողջությունը, ինչպես նաեւ մաշկավեներոլոգիական ծառայությունների կազմակերպման մեթոդներին:

Իր ողջույնի խոսքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կրկին ընդգծեց մասնագիտական միությունների կարեւոր դերը եւ պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ աջակցել նրանց գործունեությանը: Նախարարը խոսեց նաեւ օրենսդրական վերջին նախաձեռնությունների մասին, որոնք վերաբերվում են կրեդիտային շարունակական կրթության ներմուծմանը եւ նշեց, որ հենց այս նորամուծությունների տեսանկյունից մեծանում է մասնագիտական միությունների դերը:

Նախարարը նշեց, որ առողջապահության կազմակերպման նոր համակարգին անցնելը հնարավորություն կտա հայ բժիշկներին ինտեգրվել միջազգային բժշկական հանրությանը: Նա հայտնեց նաեւ, որ տվյալ միջազգային կոնֆերանսին մասնակցությունը եւս կրեդիտներ է տրամադրում:



© NEWS.am Medicine