Զարկերակային գերճնշման տարածվածությունը եւ բուժման արդյունավետությունը Հայաստանում

12:57   23 մայիսի, 2015

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ) հանդիսանում են առողջապահության համակարգի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներից մեկը: Համաձայն 2014 թ. տվյալների՝ չափահաս բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է բոլոր մահերի մոտ 80%, ընդ որում մահացության ընդհանուր կառուցվածքում ԱՇՀՀ մահացությունը կազմում է 48%: Առավել տարածված են սրտի իշեմիկ հիվանդությունները, սրտամկանի սուր ինֆարկտը, զարկերակային ճնշման բարձրացումով բնութագրվող նաեւ ուղեղ-անոթային հիվանդությունները: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` զարկերակային գերճնշման պատճառով  մահացության կշիռը կազմել է 13%:

Հայաստանում 15 եւ բարձր տարիքի բնակչության շրջանում զարկերակային գերճնշման տարածվածության եւ բուժման արդյունավետության դիտարկումն իրականացվել է 2012թ. Առողջապահության համակարգի գործունեության գնահատման ծրագրի շրջանակում:  Համաձայն հետազոտության արդյունքների հիվանդության տարածվածությունը կազմել է 33,8%: Իսկ հետազոտվածների 16,3%-ը տեղյակ չեն եղել, որ իրենց զարկերակային ճնշումը բարձր է 140/80 մմ սս մակարդակից:

Ըստ սեռային բաշխվածության զարկերակային գերճնշման տարածվածության ուսումնասիրությունը պարզել է, որ այն 1,4 անգամ առավել տարածված է տղամարդկանց շրջանում` (40%) կանանց (28.7%) համեմատությամբ: Տարբեր տարիքային խմբերում զարկերակային գերճնշման տարածվածության վերլուծությունը ցույց է տվել, որ այն աճում է 40 տարեկանից հետո: Ընդ որում, 40-49 տարիքային խմբում հիվանդությունը առկա է բնակչության մեկ երրորդի մոտ (33%), 50-59 տարիքային խմբում` մեկ երկրորդի (51,7%), իսկ 60 եւ բարձր տարիքի բնակչության շրջանում` երեք քառորդի (71%): Զարկերակային գերճնշման տարածվածությունն ըստ կրթության մակարդակի փաստում է, որ այն առավել տարածված է թերի միջնակարգ կրթություն ունեցող բնակչության խմբում (55%), որը կարող է պայմանավորված լինել հիվանդության մասին ցածր իրազեկվածության մակարդակով եւ բուժհաստատություն դիմելիությամբ: Այսինքն` սեփական առողջության նկատմամբ ավելի կիրթ մոտեցումը նպաստում է զարկերակային գերճնշման վաղ բացահայտմանը, ինչպես նաեւ սրտի իշեմիկ եւ ուղեղի անոթային հիվանդությունների կանխարգելմանը:

Զարկերակային գերճնշման տարածվածության ամենացածր ցուցանիշը գրանցվել է ուսանողների շրջանում, ինչը պայմանավորված է տարիքային գործոնով: Հատկանշական է, որ այն համեմատաբար ավելի քիչ տարածվածություն ունի գյուղական համայնքներում. դա կարող է պայմանավորված լինել բնակչության ավելի բարձր ֆիզիկական ակտիվությամբ եւ սննդակարգի առանձնահատկություններով: Հիվանդության զարգացումը կապակցված է նաեւ բարեկեցության մակարդակի հետ:  Բարեկեցության աճին զուգահեռ նվազում է հիվանդության տարածվածությունը, որը կարող է պայմանավորված լինել սեփական առողջության նկատմամբ ավելի բարձր հետեւողականությամբ:

Հետազոտվածների 73% մինչեւ զարկերակային ճնշման չափումը նշել են, որ իրենք չունեն բարձր զարկերակային ճնշում, սակայն, հետազոտության արդյունքներն ակնհայտորեն ցույց տվեցին, որ հետազոտվածների 16,3% մոտ դա եղել է իրենց սուբյեկտիվ կարծիքը, միայն հարցվածների 56,7% պատասխաններն են համընկել չափումների արդյունքներին: 

Հարցումը նաեւ պարզել է, որ բուժաշխատողների խորհուրդներին շարունակել են հետեւել բավական քիչ հիվանդներ: Հաճախ անտեսվել են ֆիզիկական ակտիվության, ծխելու դադարեցման եւ ալկոհոլի օգտագործման նվազեցման խորհուրդները:

Այսպիսով, մեզանում զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերումը, կարգավորումը եւ բուժման կազմակերպումը առավել բարելավման կարիք ունեն: Հատկապես կարեւոր են զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման գործընթացի բարելավումն առողջության առաջնային պահպանման օղակում, ընթացիկ բուժման արդյունավետ կազմակերպումը եւ որակի վերահսկման կիրառումը, նախատեսվող միջոցառումների եւ բուժման որակի վերահսկման հետեւողականության ապահովումը:

2015 թվականի հունվարից Հայաստանում մեկնարկել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակում զարկերակային գերճնշման սքրինինգ` հիվանդության վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով:  35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա եւ անցնել զարկերակային գերճնշման անվճար հետազոտություն:



© NEWS.am Medicine