Կեսարյան հատումից հետո հնարավոր է ծննդաբերել բնական ճանապարհով

14:29   24 մայիսի, 2015

Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ, եթե կինը մեկ անգամ կեսարյան հատում է արել, բնական ճանապարհով նա այլեւս ծննդաբերել չի կարող: Սակայն ամերիկացի գիտնականները պնդում են, որ կեսարյան հատումը խոչընդոտ չէ՝ բնական ճանապարհով ծննդաբերությանը:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կետրոնի աշխատակիցները ուսումնասիրել են 41 նահանգների՝ ծննդաբերությանը վերաբերվող տվյալները: Պարզվեց, որ նախկինում կեսարյան հատում ունեցած կանայք պլանավորել են այդ պրոցեդուրան իրականացնել նաեւ հաջորդ ծննդաբերության ընթացքում, եւ միայն այդ կանանց 20 տոկոսն է փորձել ծննդաբերել բնական ճանապարհով:

Հավաքագրված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ կանանց 70 տոկոսը հաջողությամբ ծննդաբերել է բնական ճանապարհով կեսարյան հատումից հետո, եւ այդ ծննդաբերությունների մեծ մասը որեւէ բարդությամբ չի ուղեկցվել: Մնացած 30 տոկոսի դեպքում իրականացվել է անհապաղ կեսարյան հատում: Այն կանայք, որոնք կեսարյան հատումից հետո բնական ճանապարհով են ծննդաբերել,  ավելի հազվադեպ էին արյան փոխներարկման կարիք ունենում, ենթարկվում գիստերէկտոմիայի կամ տեղափոխվում ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, շատ աստղեր ծննդաբերում են բացառապես կեսարյան հատման միջոցով: Օրինակ, հայտնի երգչուհի եւ դիզայներ Վիկտորիա Բեքհեմը իր բոլոր չորս երեխաներին լույս աշխարհ է բերել կեսարյան հատմամբ, նույն  կերպ լույս աշխարհ են եկել նաեւ Գվեն Սթեֆանիի երեք որդիները: 



© NEWS.am Medicine