Արմավիրի հիվանդանոց են հոսպիտալացվել խնջույքի մասնակցած երկու երեխա

19:57   23 մայիսի, 2015

Այսօր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 2 երեխա (միջին ծանրությամբ), որոնց հիվանդացման հավանական պատճառը եղել է նրանց մասնակցությունը խնջույքին։ Համաճարակաբանական վերլուծությամբ պարզվել է, որ դրանք որեւէ առնչություն չունեն թիրախային մանկապարտեզներում արձանագրված դեպքերի հետ։

Արմավիրի մարզի թիրախային մանկապարտեզներից այսօրվա դրությամբ հոսպիտալացման նոր դեպքեր չեն արձանագրվել։ Հիվանդանոցային բուժում ստացող երեխաներից 2-ն ապաքինված դուրս է գրվել։ Նրանց նկատմամբ բժշկական հսկողությունը կշարունակվի։ Մյուսների առողջական վիճակը բավարար է։ Հետագա բարդություններից խուսափելու նպատակով կազմակերպվելու են կրկնակի մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ։

Հիմք ընդունելով ներկայիս իրավիճակը, ինչպես նաեւ համաճարակային իրավիճակին տիրապետելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում հոսպիտալացման յուրաքանչյուր դեպք։

Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում 16 երեխա։ 



© NEWS.am Medicine