Ղազախ գիտնականները ընդհուպ մոտեցել են Կալաչի գյուղի «քնային հիվանդության» բացահայտմանը

22:47   26 մայիսի, 2015

Ղազախ գիտնականները ընդհուպ մոտեցել են Կալաչի գյուղի «քնային հիվանդության» բացահայտմանը: Գյուղի բնակիչները ժամանակ առ ժամանակ հանկարծակի քնում են՝ այդ վիճակում անցկացնելով 3-4 օր կամ նույնիսկ մեկ շաբաթ:

Վերջին երկու-երեք տարիների ընթացքում «քնային հիվանդությամբ» վարակվել է մոտ 130 մարդ՝ Կալաչի գյուղի 500 բնակիչներից: Գյուղին հավելյալ միստիկ երանգներ է հաղորդում նաեւ բնակավայրից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող ուռանի հանքը: Զարմանալի չէ, որ ժողովրդի պատկերացմամբ՝ ուռանի հանքը պետք է ինչ-որ կերպ կապված լինի տարօրինակ այս հիվանդության հետ: Սակայն, ինչպես պարզվեց, ուռանն այստեղ որեւէ կապ չունի:

Հանքի նախկին տնօրեն Վիկտոր Կրյուկովը առաջարկում է իր վարկածը: «Իմ վարկածը շատ հասարակ է: Գետնի տակից դուրս է գալիս ածխագազը: Դրա ազդեցությամբ էլ մարդիկ հանկարծակի քնում են»:

Ապրիլին գիտնականները այս վարկածը ստուգելու նպատակով 12 հորատանցք են փորել գյուղում: Կրյուկովի վարկածը հաստատվեց: Սակայն գետնի տակից դուրս եկող ածխագազը տարօրինակ հիվանդությունը պայմանավորող միայն մեկ գործոնն էր, քանի որ, ինչպես պարզվեց, երեք գործոնի համակցությունն է դրա պատճառը՝ թթվածնի բացակայության, CO եւ СН ավելցուկի:

Առանձին վերցրած այս երեք գործոններից ամեն մեկը գտնվում է նորմայի շրջանակներում, իսկ ահա դրանց համակցումը  այսպես կոչված սիներգետիկ էֆեկտի է հանգեցնում:

Այժմ գիտնականները պետք է փորձեն բացահայտել օրինաչափությունները, որոնք վերաբերվում են նրան, թե երբ է ածխագազը դուրս գալիս գետնի տակից եւ ինչու է այդպես լինում: 



© NEWS.am Medicine