Նոր հորմոնալ հակաբեղմնավորիչները 4 անգամ ավելի հավանական են դարձնում տրոմբների զարգացումը

17:45   27 մայիսի, 2015

Երրորդ սերնդի հորմոնալ հակաբեղմնավորիչներ ընդունող կանանց մոտ 2 անգամ աճում է տրոմբերի ձեւավորման հավանականությունը՝ հին հակաբեղմնավորիչներ ընդունողների համեմատ եւ 4 անգամ՝ հորմոններ առհասարակ չընդունողների համեմատ, զգուշացնում են Նոթինգեմի համալսարանի հետազոտողները:

Ինչպես նշեց բժիշկ Յանա Վինոգրադովան՝ հետազոտության հեղինակներից մեկը, նոր սերնդի հակաբեղմնավորիչներ ընդունող կանայք անպայման պետք է քննարկեն բոլոր ռիսկերն իրենց բժիշկների հետ:

«Պետք չէ անհապաղ դադարեցնել դրանց ընդունումը, սակայն բժշկի հետ խորհրդակցելը չի խանգարի, եթե ռիսկեր կան, - նշեց նա, - մեր հետազոտության արդյունքները բավարար հիմքեր են տրամադրում, որպեսզի պատասխանատու մարմինները վերանայեն որոշ դեղամիջոցների անվտանգության աստիճանը»:

Երրորդ սերնդի հակաբեղմնավորիչները ի հայտ եկան 1980-ականներին, իսկ դրանց հետ կապված տրոմբոզի ռիսկը սկսեց ակտիվորեն քննարկվել 1995 թվականին: Չնայած նրան, որ դրանից հետ բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են այս դեղորայքի վտանգավորությունը, ամբողջ աշխարհում դեռեւս շատ են դրանք ընդունող կանայք: Նոր սերնդի դեղորայքը մեծ տարածում գտավ այն պատճառով, որ ավելի հազվադեպ է կողմնակի էֆեկտների հանգեցնում՝ քաշի ավելացման, գլխացավերի եւ մարմնի մազակալման տեսքով:

 



© NEWS.am Medicine