Գիտնականներ՝ միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է արգանդի քաղցկեղի հավանականությունը

22:32   28 մայիսի, 2015

Իտալացի բժիշկները  պարզել են, որ միջերկրածովյան սննդակարգը դրական է անդրադառնում կանանց առողջության վրա եւ նվազեցնում արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը 57 տոկոսով՝ ամբողջական դիետա պահպանելու դեպքում եւ 34 տոկոսով՝ մասնակի դիետայի դեպքում:

Այս եզրահանգման են եկել Միլանի դեղագործական ինստիտուտի մի խումբ գիտնականներ՝ Կրիստինա Բոսետիի գլխավորությամբ: Գիտնականները երեք խումբ կազմած 5 հազար կանանց են հետեւել Իտալիայի եւ շվեյցարական Վոդ կանտոնի տարածքում: Հետազոտության արդյունքներն ամփոփված են British Journal of Cancer ամսագրում:

Ինչպես պարզաբանում են գիտնականները, միջերկրածովյան սննդակարգը բաղկացած է իննը փոխակապակցված բաղադրիչներից՝ ձկնեղեն, մրգեր եւ բուսական սնունդ, ինչպես նաեւ ոչ այնքան շատ միս, կաթնամթերքներ եւ ճարպաթթուներ:

Այս սննդակարգի դրական ազդեցությունը, ինչպես նշում են բժիշկները, կապված է նրա հետ, որ միջերկրածովյան մթերքները իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ հակաօկսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջները ԴՆԹ խաթարումներից եւ քաղցկեղի զարգացումից: Բացի այդ՝ դրանք իրենց մեջ պարունակում են սննդային թելիկներ, որոնք թույլ են տալիս նվազեցնել էստրոգենի մակարդակն արյան մեջ (վերջինիս բարձր մակարդակը կապված է արգանդի քաղցկեղի զարգացման բարձր հավանականության հետ):

Ինչպես նշում են Բոսետին ու գործընկերները, դիետայի դրական այս էֆեկտը շատ ավելի ուժեղ էր, քանի նախկիում Եվրոպայի մնացած երկրներում իրականացրած հետազոտությունների արդյունքները: Գիտնականները պայմանավորում են դա նրանով, որ Իտալիան այս սննդակրգի հայրենիքն է, եւ այստեղ դրան շատ ավելի ճշգրիտ կերպով են հետեւում: 



© NEWS.am Medicine