Գիտնականներն ընդհուպ մոտեցել են հիպերտոնիայի դեմ պատվաստանյութի ստեղծմանը

10:45   29 մայիսի, 2015

Ճապոնացի գիտնականները կենդանիների վրա փորձարկել են զարկերակային ճնշման բուժման սկզբունքորեն նոր մեթոդ: Այսպես կոչված ԴՆԹ-պատվաստանյութի ներարկումը առնետներին առնվազն կես տարվա կտրվածքով բուժական էֆեկտ էր ապահովում:

Զարկերակային հիպերտենզիան ժամանակակից մարդկության իսկական անեծքն է, որոշ զարգացած երկրներում բարձր զարկերակային ճնշում ունի չափահաս բնակչության գրեթե կեսը:

Այժմ բժիշկների զինանոցում բազմաթիվ արդյունավետ դեղեր կան հիպերտենզիայի բուժման համար, սակայն գրեթե բոլոր այդ դեղերը մեկ բացասական կողմ ունեն՝ դրանք պետք է ընդունել ամեն օր: Իսկ ահա Ճապոնացի գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակել: Մեկ ներարկումը բուժական էֆեկտ կապահովի կես տարվա ընթացքում:

Օսակա քաղաքի համալսարանի աշխատակիցները (Osaka University in Japan) ԴՆԹ-պատվաստանյութ են ստեղծել, որն ազդում է անմիջապես անգիոտենզին II-ի՝բարձր զարկերակային ճնշմանը նպաստող հորմոնի վրա:

Գիտնականներն իրենց ստեղծած դեղորայքը ներարկել են լաբորատոր առնետներին երկու շաբաթը մեկ:

Դրանից հետո կենդանիների մոտ ճնշումը նորմալանում էր, եւ այս էֆեկտը պահպանվում էր 6 ամսվա ընթացքում:

Այժմ հեղինակները փորձում են կատարելագործել դեղորայքը՝ այնպես, որ դրա էֆեկտը շարունակվի էլ ավելի երկար՝ ընդ որում՝ միայն մեկ ներարկումից հետո:

Ճապոնացի գիտնականների խոսքով՝ զարկերակային ճնշման բուժման այսպիսի մեթոդը ոչ միայն մնացած մեթոդներից շատ ավելի հարմար է պացիենտների համար, այլ նաեւ ավելի էժան: 



© NEWS.am Medicine