Հայաստանում թոքերի քաղցկեղով հիվանդացության մակարդակը չի նվազում

17:40   29 մայիսի, 2015

Թոքերի քաղցկեղը Հայաստանում տղամարդկանց շրջանում ամենատարածված քաղցկեղի տեսակն է: Ամեն տարի Հայաստանում գրանցվում է մոտ 1000 նոր դեպք, եւ հիվանդացության մակարդակը ոչ մի կեր չի նվազում: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

Նա հիշեցրեց նաեւ, որ այս հիվանդության զարգացման հիմնական պատճառը ծխելն է եւ անառողջ ապրելակերպը:

Հատկանշական է, որ կանանց շրջանում, որոնք շատ ավելի քիչ են ծխում, քան տղամարդիկ, թոքերի քաղցկեղը հանդիպում է 6 անգամ ավելի հազվադեպ, նշեց Ալեքսանդր Բազարչյանը:

Բացի այդ՝ ծխելը պայմանավորում է նաեւ քաղցկեղի մի շարք այլ տեսակներ` մասնավորապես, միզապարկի քաղցկեղը: Ծխելը նաեւ ռիսկային լուրջ գործոն է սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում: Այս հիվանդություններով պայմանավորված մահացության մակարդակը վերջին տարիներին նվազելու միտումներ չունի:

Հիշեցնենք, որ ԱՀԿ տվյալներով՝ 2012 թվականին գրանցվել է քաղցկեղի 14 միլիոն դեպք, իսկ մահվան ելքով հիվանդության դեպքերը 8.2 միլիոն են կազմել: ԱՀԿ մասնագետների կանխատեսմամբ՝ կանխարգելիչ միջոցառումների բացակայության դեպքում քաղցկեղով հիվանդացության մակարդակը կաճի 70 տոկոսով՝ կազմելով տարեկան 22 միլիոն դեպք: 



© NEWS.am Medicine