Նեղ ջինսերը վտանգավոր են առողջության համար

11:45   24 հունիսի, 2015

Նեղ ջինսերը կարող են վտանգավոր լինել առողջության համար, զգուշացնում են ավստրալիացի բժիշկները: Մասնավորապես, այս ջինսերով նստած դիրք ընդունել կարող է հանգեցնել ոտքերի հետ կապված մի շարք խնդիրների:

Իրենց խոսքերը հաստատելու համար գիտնականները հայտնում են 35-ամյա կնոջ հետ պատահած դեպքի մասին: Վերջինս ընկել էր եւ չէր կարողանում բարձրանալ, քանի որ նրա ոտնաթաթերը անզգայացել էին:

Դեպքից մի քանի ժամ առաջ կինը օգնում էր իր ընկերուհուն տեղափոխվել եւ մի քանի անգամ նստել ու բարձրացել էր այդ ջինսերով: Նրա ոտքերը արյան շրջանառությունը խափանվել էր ջինսերի ճնշման պատճառով: Կինը չէր կարողանում շարժել ոտնաթաթերն ու ոտքի մատները: Մասնագետները նույնիսկ ստիպված եղան կտրել նրա ջինսը:

Բժիշկները պնդում են, որ ջինսի կտորի ճնշումը ոտքերի հետեւի մասում նվազեցնում է մարմնի այդ հատվածում արյան շրջանառության որակը, ինչն էլ մկանների այտուցում է առաջ բերում եւ սեղմում մոտակա նյարդերը:

Նեղ ջինսերտ վերջերս հագուստի պարտադիր բաղկացուցիչ մաս են դարձել միլիոնավոր կանանց ու տղամարդկանց համար, որոնք դրանց միջոցով ցանկանում են ընդգծել իրենց կազմվածքը: Այդպիս ջինսեր են նախընտրում շատ աստղեր եւ նույնիսկ Քեյթ Միդլտոնը:



© NEWS.am Medicine