Նոր թեստը կարող է քաղցկեղի երկու տեսակ ախտորոշել մի քանի րոպեի ընթացքում

14:49   25 հունիսի, 2015

Նոր շնչառական թեստը կարող է օգնել երկու տեսակի քաղցկեղ ախտորոշել՝ ստամոքսի ու կերակրափողի, ընդ որում՝ թեստի ճշգրտությունը 90 տոկոս է կազմում, իսկ տևում է այն ընդամենը մի քանի րոպե, այնինչ սովորական անալիզները մոտ 6 ժամ են պահաջում:

Ավելին՝ այն շատ պաչզ է, և էնդոսկոպիա չի պահանջում: Բրիտանական փորձագետների խոսքով՝ այս թեստը թույլ կտա երկրի առողջապահական համակարգին մոտ £145 միլիոն տնտեսել:

Imperial College-ի մասնագետների խոսքով՝ նոր սարքավորումը արյան մեջ ալկոհոլի պարունակության որոշման սարքավորում է հիշեցնում: Այն աշխատում է քաղցկեղային հիվանդությունների սպեցիֆիկ հոտերի տարբերակման հիման վրա: Ավելին՝ այն կարող է տարբերել չարորակ գոյացության հոտ բարորակ գոյացության հոտից:

Թեստն արդեն փորձարկվել է 200 պացիենտի վրա, և արդյունքները խոստումնալից են դառնում: Այժմ սարքավորումը փորձարկումներ է անցնում լոնդոնյան երեք հոսպիտալներում:

Ստամոքսի ու կերակրափողի քաղցկեղը մահացության դեպքերի 15 տոկոսի պատճառն է: Երկու այդ հիվանդություններն էլ բավականին ուշ են ախտորոշվում, քանի որ վաղ շրջանում որևէ կերպ չեն դրսևորվում: Վաղ ախտորոշումը, մասնագետների խոսքով, կարող է բարելավել բուժման արդյունքները նպաստել պացիենտների երկարակեցությանը: Այժմ ստամոքսի քաղցկեղ ունեցող մարդկանց 15 և կերակրափողի քաղցկեղ ունեցող մարդկանց 13 տոկոսն է երկար ապրում ախտորոշումից հետո:

 



© NEWS.am Medicine