Ցիստիտի պատճառը մեզի թթվայնությունն է

15:36   29 հունիսի, 2015

Որոշ մարդկանց մոտ միզատար ուղիների ինֆեկցիաների՝ օրինակ, ցիստիտի, ավելի բարձր է՝ այլ մարդկանց համեմատ: Washington University School of Medicine-ի գիտնականները պարզել են, որ այդ ռիսկի հավանականությունը կախված է մեզի թթվայնության աստիճանից, քանի որ հենց այս գործոնն է պատասխանատու բակտերիաների զարգացման համար: Մարդու սննդակարգը, գիտնականների խոսքով, նույնպես իր դերն է խաղում:

Այս ինֆեկցիաների բուժման ժամանակ մարդիկ հակաբիոտիկներ են օգտագործում: Սակայն շատ բակտերիաներ զգայուն չեն հակաբիոտիկների նկատմամբ, ինչը նկատելիորեն դժվարացնում է բուժումը: Այդ պատճառով բժիշկ Ջեֆրի Հենդերսոնը եւ նրա գործընկերները սկսել են ուսումնասիրել օրգանիզմի՝ բակտերիաների դեմ տարվող պայքարի մեխանիզմները:

Հետազոտությունների ընթացքում նրանք E. Coli բակտերիաներ են աճեցրել առողջ կամավորների մեզի մեջ եւ նկատել, որ տարբեր դեպքերում բակտերիաները տարբեր կերպ էին բազմանում: Այդ ժամանակ գիտնականները մեզի նմուշները բաժանել են երկու խմբի: Առաջին խմբում այն մեզն էր, որում բակտերիաները չէին կարող զարգանալ, ավելի շատ պրոտեիններ կային, որոնք ձեւավորվում էին ինֆեկցիային ի պատասխան: Այս պրոտեինը, որը հայտնի է որպես սիդերոկալին, բակտերիաներից ստանում է դրանց աճի համար անհրաժեշտ երկաթը:

Գիտնականները նաեւ փորձեցին պարզել, որ գործոններն են ազդում օրգանիզմում սիդերոկալինի արդյունավետության վրա: Պարզվեց, որ մարդու սեռն ու տարիքը այստեղ որոշիչ դեր չեն խաղում: Երկու խմբերի միջեւ միակ տարբերությունը կայանում էր մեզի թթվայնության մեջ: Նախկինում կարծում էին, որ լավ է, երբ մեզի թթվայնությունը բարձր է, քանի որ դա կասեցնում է բակտերիաների աճը, իսկ այժմ գիտնականները պարզել են, որ իրականում ամեն ինչ այլ կերպ է ՝ ինչքան քիչ է մեզի թթվայնության մակարդակը, այդքան արդյունավետ են բակտերիաները սպանող սպիտակուցները:

Այս բացահայտումը կարող է օգնել միզատար ուղիների ինֆեկցիաների բուժման նոր մեթոդ գտնելու հարցում:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Journal of Biological Chemistry ամսագրում:

 



© NEWS.am Medicine