Երեւան-Սեւան ճանապարհին հուլիսի 1-ից կսահմանվի շտապօգնության հերթապահություն

16:07   29 հունիսի, 2015

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 1-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ օրերին` ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երեւան-Սեւան հատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն: Աշխատանքներին ներգրածվված են Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի եւ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայությունները:

Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահության ժամանակացույց, սահմանվել են բժշկական կենտրոնների հերթապահության օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում:

Նշենք, որ արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին հաղորդվելու է  ՀՀ առողջապահության նախարարության  «թեժ գիծ» ծառայությանը:

 

 



© NEWS.am Medicine