Հաղարջը պահպանում է ուղեղի երիտասարդությունն ու մարդկանց ավելի խելացի է դարձնում

10:43   4 հուլիսի, 2015

Սև հաղարջի հյութը բարելավում է ուղեղի աշխատանքն ու նույնիսկ թույլ է տալիս մեղմել ուղեղի տարբեր հիվանդությունների՝ օրինակ, Պարկինսոնի հիվանդության ախտանիշները: Այս մասին են հայտնում Նոր Զելանդիայի գիտնականները:

Ավելին՝ օրական մեկ բաժակ հաղարջի հյութը մեզ ավելի երջանիկ ու խելացի է դարձնում, նշում են Նոր Զելանդիայի գիտական Plant & Food Research ընկերության մասնագետները, որոնք աշխատում են բրիտանական Northumbria University-ի գիտնականների հետ համատեղ:

Փորձարկման ընթացքում 36 չափահաս կամավորների բաժանել են երկու խմբի, և առաջին խմբի մասնակիցները օրական 250 միլիլիտր սև հաղարջի հյութ էին ստանում, ակմ դրա էքստրակտը, իսկ երկրորդ խմբի մասնակիցները պլացեբո էին ընդունում: Փորձարկման ավարտին բոլոր կամավորները մի շարք ինտելեկտուալ թեստեր անցան: Գիտնականները պարզեցին, որ սև հաղարջի հյութը նկատելիորեն բարելավում է տրամադրությունն ու ավելի ուշադիր դարձնում՝ նվազեցնելով մտավոր հյուծվածության ախտանիշները:

Այս հյութն ու դրա էքստրակտները, ինչպես պարզվեց, նվազեցնում էին մոնոամին օկսիդազա կոչվող ֆերմենտների ակտիվությունը, որոնք  կարգավորում են սերոտոնինի ու դոֆամինի մակարդակը ուղեղում: Վերջիններս քիմիական նյութեր են, որոնք ազդում են տրամադրության ու ուղեղի աշխատանքի վրա: Գիտնականները ենթադրում են, որ սև հաղարջւ կարող է օգտագործվել նաև նեյրոդեգեներատիվ հիվանդություններով տառապող պացիենտների բուժման համար:

Չնայած նրան, որ այս հետազոտությունն անցկացվել է նորզելանդական հաղարջի կիրառմամբ՝ գիտնականները համոզված են, որ այս արդյունքը հնարավոր է արձանագրել ցանկացած սև հաղարջի միջոցով:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Journal of Functional Food ամսագրում:



© NEWS.am Medicine