Ամերիկացի բժիշկ՝ սփյուռքը պետք է օգնի Հայաստանին ոչ թե սարքավորումներով, այլ գիտելիքներով

22:45   2 հուլիսի, 2015

Երկար տարիների ընթացքում սփյուռքը Հայաստան է ուղարկել սարքավորումներ ու դեղորայք՝ դրանով իսկ նպաստելով երկրի առողջապահական համակարգի կայացմանը: Սակայն այսօր ժամանակները փոխվել են, և սարքավորումներ ուղարկելը այժմ բավարար չէ: Մասնագետները պետք է հայ բժիշկներին նաև գիտելիքներ առաջարկեն: Այս կարծիքը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռաֆֆի Ավիտսյանը՝ Cleveland Clinic Foundation (ԱՄՆ), որը մասնագիտանում է ուղեղի վիրահատության դեպքում կիրառվող անեստեզիայի ոլորտում:

«Այժմ, ըստ իս, ժամանակները փոխվել են, և կարևոր է ոչ միայն այստեղ որևէ սարքավորում ուղարկելը, այլ նպաստել այստեղ բժշկության զարգացմանը և այն միջազգային մակարդակի հասցնելուն: Այսպիսով մենք կկարողանանք նպաստել բժշկության զարգացմանը», - նշեց Ռաֆֆի Ավիտսյանը:

Հիշեցնենք, որ Ռաֆֆի Ավետիսյանը ժամանել է Հայաստան՝ 4-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցելու համար: Նրա խոսքով՝ այս համագումարը հնարավորություն է ստեղծում հայ բժիշկների ու սփյուռքի մասնագետների միջև արդյունավետ համագործակցություն հաստատելու համար՝ հասնելու համար նրան, ինչն ամրագրված է համագումարի կարգախոսում՝ «Միասին դեպի առողջ ազգ»:

Խոսելով հայ բժիշկների մակարդակի մասին առհասարակ և անեստեզիոլոգների մասին մասնավորապես,  ամերիկյան մասնագետը նշեց, որ Հայաստանի բժիշկները կարդում են նույն այն գրքերը, որոնք կարդում են ամբողջ աշխարհում, սակայն տեղի բժիշկները, հավանաբար, պրակտիկայի ու լավ սարքավորումների պակաս ունի:

Իսկ հայ անեստեզիոլոգների հետ Ավիտսյանը քիչ թե շատ ծանոթ է: Նրա խոսքով՝ կրթության և գիտելիքների տեսանկյունից նրանք շատ լավ մակարդակի են: Իսկ ահա պրակտիկայում նրանք պետք է ունենան ժամանակակից սարքավորումներ և կարողանալ աշխատել դրա հետ:

 



© NEWS.am Medicine