Ամերիկացի բժիշկ՝ կարեւորը հնարավորինս շուտ ինսուլտ տարած հիվանդին Stroke կենտրոն հասցնելն է

21:37   2 հուլիսի, 2015

Վերջին վեց ամիսներին շատ բան է փոխվել ինսուլտների բուժման ոլորտում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց 4-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցող պրոֆեսոր ԱՄՆ-ից Բոստոնի բժշկական կենտրոնի Stroke ծառայության համաղեկավար Վիգեն Բաբիկյանը:

Նրա խոսքով՝ իր զեկույցում նա նշել է երեք հիմնական գործոն՝ կան ինսուլտի բուժման նոր մոտեցումներ, Հայաստանում կան բժշկական կենտրոններ, որոնք կարող են օգտագործել բուժման նոր մեթոդներ, հայկական կլինիկաներում պետք է բարձրացնել կրթվածության աստիճանը՝ ինսուլտների մասնագիտական բուժման համար:

Խոսելով այն մասին, թե ինչքանով են հայկական Stroke կենտրոնները պատրաստ ժամանակակից մեթոդներով խնամել հիվանդներին, Վ. Բաբիկյանը նշեց, որ մակարդակը, նախապես տրված  չէ, այն մշտապես կարող է փոփոխվել: Արդեն  իսկ կա որոշակի մակարդակ, այժմ կա այն էլ ավելի բարելավելու հնարավորություն, նշեց նա:

Ամերիկացի բժշկի խոսքով՝ 2015 թվականի հուլիսի 1-ին ինսուլտի ընկալման մեջ շատ բան է փոխվել, այն այլեւս մահվան դատավճիռ չէ, սակայն շատ կարեւոր է հիվանդին հնարավորինս շուտ մասնագիտական կենտրոն հասցնել: «Հնարավորինս շուտ: Ինչքան շուտ պացիենտին հիվանդանց հասցնեն, այդքան ավելի դրական կլինեն կանխատեսումները: Եթե հիվանդը կենտրոն հասցվի ինսուլտին հետեւող առաջին երեք ժամվա ընթացքում, դա շատ լավ է, իսկ եթե ոչ, ապա գոնե 8 ժամվա ընթացքում», - նշեց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից 4-ը Երեւանում տեղի է ունենում միջազգային բժշկական համագումար, որին մասնակցում են ավելի քան 500 պատվիրակ տարբեր երկրներից: Մասնագետները քննարկում են սիրտ-անոթային խնդիրների բուժումը, վերարտադրողական առողջության, ընդհանուր վիրաբուժության ու նյարդախտաբանության հարցերը: 



© NEWS.am Medicine