Ավելորդ քաշը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարու՞մ

12:58   6 հուլիսի, 2015

Ավելորդ քաշով մարդիկ ավելի հաճախ են կենդանի մնում վերջին փուլերում գտնվող քաղցկեղի բուժման կուրսերից հետո, հայտնում են նոր հետազոտության հեղինակները:

Հետազոտության արդյունքնեը մի փոքր զարմանալի էին նաև գիտնականների համար, որոնք նախկինում մտածում էին, որ նիհար մարդկանց շանսերն ավելի բարձր են: Սակայն պարզվեց, որ ցածր քաշով ու մարմնի զանգվածի նորմալ ինդեկսով մարդիկ միջինում 2.5 ամիս քիչ են ապրում՝ գեր ու ճարպակալում ունեցող մարդկանց համեմատ: Բացի այդ՝ գիտնականները նախկինում կարծում էին, որ ճարպակալում ունեցող հիվանդներն անտարբեր են աղեստամոքսային համակարգի 4-րդ աստիճանի քաղցկեղի բուժման նկատմամբ:

Հետազոտության առաջատար հեղինակ բժիշկ Յուսուֆ Զավարը Դյուկի համալսարանից նշեց, որ, ի զարմանս բժիշկների, նորմալ քաշ ու մարմնի զանգվածի ինդեկս ունեցող մարդկանց ապաքինման ցուցանիշները շատ ավելի ցածր են:

Հետազոտության շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են 6128 հիվանդների տվյալները, որոնք առաջին անգամ էին սկսում մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղի բուժում: Բոլոր պացիենտները ստանում էին bevacizumab դեղորայքը՝ քիմիաթերապիայի համադրմամբ, իսկ գիտնականները բաժանել են նրանց 4 խմբի՝ քաշի ցուցանիշների հիման վրա:

Մարմնի զանգվածի 20-24.9 ցուցանիշով մարդիկ միջինում ապրում էին 21.1 ամիս բուժումը սկսելուց հետո, 25-29 ցուցանիշ ունեցողները ապրում էին 2.5 ամիս ավել, իսկ այն մարդիկ, որոնց մոտ այս ցուցանիշը կազմում էր 30-35, միջինում ապրում էի 24 ամիս, 35.1-ից բարձր ցուցանիշով մարդիկ էլ ապրում էին մոտ 23.7 ամիս:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են European Society for Medical Oncology World Congress on Gastrointestinal Cancer-ի ընթացքում: 



© NEWS.am Medicine