Կկարողանա՞ք դուք, արդյոք, ճիշտ կողմնորոշվել ու օգնություն ցույց տալ վնասվածքների դեպքում:
Ահա մի քանի խորհուրդ, որոնք կթեթեւացնեն վնասվածք ստացած մարդու ցավերը մինչեւ շտապ օգնության ժամանումը:
Եթե Դուք ոլորել եք ոտքը..
Այս դեպքում հատուկ կոմպրեսիոն վիրակապ է պետք կրել երեք օրվա ընթացքում: Մի քանի ժամ շարունակ պետք է ոտքը դնել որեւէ տեղ՝ սրտի մակարդակից բարձր, ինչպես նաեւ սառույց դնել վնասված հատվածի վրա:
Այս վնասվածքի դեպքում խորհուրդ է տրվում շատ հանգստանալ, քանի որ լարվածությունը կարող է վատթարացնել ոտքի վիճակը: Եթե վնասվածքի տեղը կարմրել է կամ այտուցվել, դիմեք բժշկի:
Եթե քերծվել եք ժանգոտ որեւէ առարկայով…
Պետք է լվանալ վերքը գոլ ջրով եւ օճառով: Հիշեք, թե վերջին անգամ երբ եք պատվաստվել փայտացման դեմ: Եթե դա վաղուց էր, անհապաղ դիմեք բժշկի:
Եթե ջերմային հարված եք ստացել…
Եթե չափազանց երկար եք մնացել արեւի տակ եւ գլխացավ, գլխապտույտ ու սրտխառնոց եք զգում, սառը ցնցուղ ընդունեք, շատ ջուր խմեք: Ջերմային հարվածը շատ վտանգավոր է օրգանիզմի համար, այդ պատճառով չի կարելի այն անտեսել: Եթե Դուք ուշաթափվել եք, եթե այնպիսի սրտխառնոց ունեք, որ անգամ ջուր չեք կարող խմել, եթե չեք քրտնում՝ չնայած նրան, որ շոգ է, եթե արագացել է ձեր անոթազարկը, անմիջապես դիմեք բժշկի:
Եթե Ձեր քթից արյուն է գալիս…
Փորձեք խոնարհել գլուխը, սեղմեք քթանցքները եւ սպասեք մոտ 10-20 րոպե: Եթե հետ տանեք գլուխը, արյունը կարող է դեպի կոկորդ հոսել:
Եթե 20 րոպե շարունակ արյունը կանգ չի առնում, դիմեք բժշկի:
Եթե խայթել են մեղուները…
Եթե խայթը մնացել վերքի մեջ, հեռացրեք այն եւ լվացեք վերքը: Կարող եք նաեւ այդ տեղին սառույց դնել:
Եթե խայթոցից հետո դժվարանում եք շնչել, կոկորդը կամ լեզուն այտուցվում են, պետք է անհապաղ դիմել բժշկի: