Ի՞նչն է ավելի շատ գիրացնում՝ շաքարը թե ճարպը

22:47   26 հուլիսի, 2015

Շաքարով ու ճարպերով հարուստ սննդակարգը հանգեցնում է ավելորդ քաշի գոյացմանը, պնդում են մասնագետները: Մյուս կողմից՝ այլ մասնագետներ պնդում են, որ ճարպերը անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար: Եվ այսպես՝ արդյո՞ք այդքան վնասակար են յուղոտ ու քաղցր մթերքները եւ ի՞նչն է ավելի շատ գիրացնում՝ շաքարը թե ճարպը:

Իր մտորումներով է այս հարցի շուրջ կիսվում  գերմանացի դիետոլոգ Դագմար ֆոն Կրամը՝ դիետոլոգիային նվիրված մի շարք գրքերի եւ այլ աշխատանքների հեղինակ:

Նրա խոսքով՝ նիհարել ցանկացողները պետք է սահմանափակեն ինչպես ճարպերի, այնպես էլ շաքարի օգտագործումը: Այս մթերքներից յուրաքանչյուրն իր ուրույն կերպով է ազդում օրգանիզմի կողմից ճարպի վերամշակման եւ ճարպի կուտակման վրա:

«Մեկ գրամ ճարպը երկու անգամ ավելի շատ կալորիաներ է պարունակում, քան մեկ գրամ շաքարը: Ճարպը, ընդ որում, մարսվում է շատ երկար ու դանդաղ, այնինչ շաքարը արագ է յուրացվում օրգանիզմի կողմից», - պնդում է փորձագետը:

Մասնագետի խոսքով՝ մարմինը առավել զգայուն է ճարպի ու շաքարի նկատմամբ օրվա վերջում, երբ սկզբունքորեն կարեւոր է դառնում կալորիաներից հրաժարվելը: Ավելորդը այս դեպքում պահեստավորվում է օրգանիզմի կողմից, եւ կարեւոր չէ, ինչն է այս ավելորդ կալորիաների պատճառը՝ ճարպը թե շաքարը, ընդգծում է դիետոլոգը: 



© NEWS.am Medicine