Հայաստանի առողջապահության նախարարն այցելել է Ախալքալաքի բժշկական կենտրոն

13:57   30 հուլիսի, 2015

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակության Վրաստան կատարած աշխատանքային այցը եզրափակվել է Ջավախքում: Պատվիրակության անդամներն այցելել են  Ախալքալաքի  «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոն: Ախալքալաքի առողջապահության ոլորտի պատասխանատուները Արմեն Մուրադյանին են ներկայացրել այժմ հիմնանորոգման փուլում գտնվող  բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունները, գործիքակազմը:

 «Ջավախքի առողջապահական ցանցում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում` վերանորոգումներ, վերակառուցումներ: Նախատեսված է  նոր ախտորոշիչ կենտրոնների կառուցում` ներառյալ  շերտագրման հնարավորություն, շերտագրող համակարգիչ, ժամանակակից թվային ռենտգեն սարքեր, վիրահատարաններ»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ  բանակցությունների ընթացքում քննարկվել են Ջավախքում հեմոդիալիզի ծառայություն ունենալու հնարավորությունը:

Արմեն Մուրադյանն այցելել է նաեւ կենտրոնում բուժում ստացող հիվանդներին,  հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Նա եղել է նաեւ ծննդաբերական բաժանմունքում: Բուժաշխատողները նշել են, որ ջավախահայերն իրենց զգում են Հայաստանի ուշադրության կենտրոնում եւ  շնորհակալ են առողջապահական համակարգին ցուցաբերվող աջակցության համար:

 Արմեն Մուրադյանը բուժաշխատողների հետ զրույցում հետաքրքրվել է կադրային քաղաքականությամբ,  մատուցվող  վճարովի եւ անվճար ծառայությունների ծավալներով, մասնագետների աշխատավարձերով:

«Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոնը  հիմնանորոգման ավարտից եւ նորագույն սարքավորումներով համալրվելուց հետո այցելուների առջեւ իր դռները կբացի  ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Նշենք, որ Ջավախքում գործում է առողջապական  չորս բժշկական կազմակերպություն:

 

 

 



© NEWS.am Medicine