Ինչպե՞ս է իրականում տեղի ունեցել մահացու ելքով օձի խայթոցի դեպքը

17:43   30 հուլիսի, 2015

Հուլիսի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր թունաբանը հայտնել է օձերի խայթոցի 48 դեպքի մասին, որոնցից մեկը մահացու ելք է ունեցել: Այս դեպքի մանրամասներում որոշակի անճշտություներ են տեղ գտել, որոնց մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին մահացածի հարազատները:

Միքայել Գաբրիելյանի հայտարարության մեջ ասվում էր, որ մահացած երիտասարդ տղամարդը երկու ժամ անցկացրել է Էրեբունի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, սակայն փրկել նրան չի հաջողվել: Իսկ իրականում ամեն ինչ մի փորք այլ կերպ է եղել:

Ինչպես պատմեցին NEWS.am Medicine-ին մահացածի հարազատները, դեպքը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 1-ին: Խայթոցի զոհ դարձած Հ.Մաթեւոսյանը (1973 թ. ծնված) եւ նրա երկու ընկերները հանգստանում էին Շորբուլախում գտնվող ամառանոցում, երբ Հ.Մաթեւոսյանին խայթել է օձը: Ըկերներն անմիջապես նրան մեքենայով տեղափոխել էն հիվանդանոց, եւ ճանապարհը պահանջել է մոտ 15 րոպե: Ճանապարհին տղամարդն արդեն անգիտակից էր եւ դժվարությամբ էր շնչում: Շուտով 42-ամյա տղամարդն արդեն վերակենդանացման բաժնում էր: Իսկ մի քանի րոպե անց բժիշկները հայտնել են տղամարդու մահվան մասին՝ գյուրզայի թույնը հայտնվել էր տղամարու խոշոր զարկերակներից մեկում, եւ փրկել նրան չի հաջողվել: Օձի խայթոցից մոտ 20 րոպե էր անցել:  

NEWS.am Medicine-ի խմբագրությունը ցավակցում է Հ.Մաթեւոսյանի ընկերներին ու հարազատներին:

 



© NEWS.am Medicine