Ֆեյսբուքի պատճառով կանայք սկսում են վտանգավոր դիետաների հետեւել եւ վնաս են հասցնում սեփական առողջությանը

21:40   31 հուլիսի, 2015

Սոցցանցերով օգտվող կանայք ուրիշների նկարները տեսնելուց հետո շատ հաճախ ծայրահեղ քայլերի են դիմում՝ իրենց արտաքինի հետ կապված ու սկսում են շատ խիստ դիետաների հետեւել՝ որոշակի ցուցանիշներով իրեն ընկերներից հետ չմնալու համար: Այս մասին են հայտնում Հյուսիային Կարոլինայի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները:

Վերոնշյալ համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տալիս, որ երիտասարդ կանայք, որոնք էմոցիոնալ կախում ունեն Facebook-ից, փչացնում են իրենց առողջությունը վտանգավոր դիետաներով: Գիտնականները հետազոտել են 128 ուսանողուհիների սննդակարգային վարքագիծն ու սոցցանցերում անցկացրած ժամանակը, ինչից հետո անմխիթար եզրահանգումների են եկել:

Պարզվեց, որ այն կանայք, որոնք շատ ժամանակ են անցկացնում սոցցանցերում, ավելի հաճախ են համեմատում իրենց մարմինը ուրիշ մարդկանց մարմիններ հետ եւ առողջության համար վտանգավոր դիետաներ ընտրում: Գիտնականների խոսքով՝  համացանցում շփումը թույլ է տալիս ընկերների եւ հարազատների միջեւ կապ պահպանել, բայց որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել շատ տխուր հետեւանքների:

«Ես կարծում եմ, որ Facebook-ը իսկապես կարող է սոցիալական աջակցություն ցուցաբերող գործիք լինել: Այդ դեպքում դուք չեք անհանգստանա ձեր մարմնի չափերի պատճառով: Սակայն երբ դուք սկսում եք համեմատվել որեւէ մեկի հետ՝ մանավանդ, մոդելների հետ, դա դրդում է Ձեզ սկսել հետեւել շատ խիստ դիետայի», - պատմեց հետազոտության հեղինակ Սթեֆանի Զերվասը:

Առողջությանը վնաս հասցնող դիետաները շատ են: Դա կարող է լինել սննդից հրաժարվելը, մոնոդիետան (որեւէ մի մթերք ուտելը, օրինակ, ցիտրուսներ), նիհարելու համար կասկածելի դեղեր օգտագործելը եւ մի շարք այլ վտանգավոր միջոցներ: Այս ամենը կարող է հանգեցնել շատ անցանկալի հետեւանքների: 



© NEWS.am Medicine