Կարմիր խաղողը օգնում է կանխել աղիների քաղցկեղը. գիտնականներ

20:42   31 հուլիսի, 2015

Կարմիր խաղողը հարուստ է հակաoքսիդանտներով, որոնք օգնում են օրգանիզիմին պայքարելու մի շարք հիվանդությունների դեմ: Այդ նյութերից առանձնահատուկ տեղ է գրավում ռեսվերատրոլը, որը, ըստ ամերիկյան Science Translational Medicine գիտական ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության, հակաքաղցկեղային հատկություններ ունի:

Գիտնականների խոսքով՝ ռեսվերատրոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է օգնել կանխելու աղիների քաղցկեղը: Նման եզրակացության գալու համար գիտնականները փորձի ժամանակ աղիների քաղցկեղով հիվանդ մկներին կերակրել են այնքան ռեսվերատրոլով, որքան պարունակվում է մեկ բաժակ գինու մեջ: Մեկ այլ խումբ մկներին տրվել է 200 անգամ ավելի շատ ռեսվերատրոլ:

Որոշ ժամանակ անց երկրորդ խմբի մկների մոտ քաղցկեղը նահանջել է 25%-ով, իսկ առաջին խմբի մկների մոտ՝ 50%-ով: Ուշագրավ է, որ նման արդյուքն արձանագրվել է այն մկների մոտ, որոնց սննդակարգում շատ ճարպ է պարունակվել: «Առաջին անգամ տեսնում ենք, որ ռեսվերատրոլի փոքր չափաբաժինը օգտակար է: Այս ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռեսվերատրոլի փոքր չափաբաժինները առավել արդյունավետ են կանխում քաղցկեղը, քան մեծերը»,- ասել է Լեստերի համալսարանի պրոֆեսոր Կարեն Բրաունը:

Ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ ստացված արդյունքները պետք է ստուգել նաեւ մարդկանց համար: Մյուս կողմից՝ ռեսվերատրոլը կարող է օգնել ոչ բոլորին, այլ միայն՝ որոշակի գենետիկայիով, կենսակերպով եւ սննդակարգով մարդկանց: Բացի կարմիր խաղողից եւ գինուց՝ ռեսվերատրոլ պարունակում են նաեւ այլ մրգեր եւ հատապտուղներ, մասնավորապես՝ հաղարջը եւ ազնվամորին:

Գիտնականնների կարծիքով՝ դրանց օգտագործումը չի կարող օգնել կրճատելու քաղցկեղի առաջացման ռիսկը, քանի որ փորձի ժամանակ կիրառվել է զուտ ռեսվերատրոլ, այլ ոչ թե այն պարունակող մրգերը: Այնուհանդերձ, այդ մրգերը եւ հատապտուղները արժե օգտագործել, քանի որ դրանցում պարունակվող ռեսվերատրոլը կարգավորում է արյան մեջ խոլեստերինի պարունակությունը, նպաստում է շաքարային դիաբետի կանխմանը եւ դանդաղեցնում ծերանալը:



© NEWS.am Medicine