ԵԿՄ ամառային ճամբարից հոսպիտալացված երեխաներից 4–ը բուժում են ստանում «Նորք» հիվանդանոցում

16:18   31 հուլիսի, 2015

Հուլիսի 31-ի, ժամը 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի ամառային ճամբարներից մեկում, ուր աղիքային վարակի բռնկում էր գրանցվել,  հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Մարտունու ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդները դուրս են գրվել, 4-ը դեռեւս բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, որոնցից 3-ի  վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական միտումով, 1-ը` բավարար:

Նախարարության տեղեկատվության համաձայն, հուլիսի 29-ին երեկոյան Մարտունու բժշկական կենտրոն են դիմել ամառային հանգստի ճամբարներից մեկի 4 սան աղիքային վարակին բնորոշ գանգատներով` ջերմություն, փսխում, փորլուծություն: Տեղի եւ նախարարության մասնագետներն անմիջապես մեկնել են ճամբար, իրականացրել համաճարակաբանական հետազոտություն: Արդյունքում հայտնաբերվել է, որ եւս 16 երեխա` 14 եւ բարձր տարիքի, ունի նմանատիպ գատգատներ: Բոլոր երեխաները հոսպիտալացվել են: Երեխաների վիճակը գնահատվել է թեթեւ եւ միջին ծանրության:

Մասնագիտական խումբը տեղում իրականացրել է անհրաժեշտ աշխատանքները,  կատարվել է դեպքերի քարտեզագրում, համաճարակաբանական վերլուծություն, իրականացվել են նմուշառումներ հիվանդների կենսաբանական նյութից, խմելու եւ ափամերձ ջրից, սննդամթերքից:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության վարչության պետ Անուշ Պողոսյանը ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ Մարտունու ԲԿ հոսպիտալացված երեխաները դուրս են գրվել, եւ միայն մեկն է շարունակում բուժում ստանալ, բայց նա էլ շուտով դուրս կգրվի։

Նշենք, որ երեխաները հիվանդանոց էին տեղափոխվել մարզի Ծովինար գյուղում գործող ամառային ճամբարից, որը պատկանում է Երկրապահ կամավորականների միությանը:

 

 



© NEWS.am Medicine