Որքա՞ն սունկ կարելի է ուտել շաբաթվա ընթացքում

17:16   4 օգոստոսի, 2015

Սնկերն առաջին հայացքից իդեալական մթերք են թվում՝ սպիտակուցներով հարուստ եւ գործնականում կալորիաներ չպարունակող։ Բայց գերմանացի փորձագետները խորհուրդ չեն տալիս շատ սունկ ուտել, հատկապես անտառից հավաքած, որովհետեւ սնկի կանոնավոր օգտագործումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։

«Շաբաթն ավելի քան  250 գրամ անտառային սունկ ուտելը կարող է վտանգավոր լինել առողջության համար», -զգուշացնում են Դյուսելդորֆի Սպառողների գերմանական ընկերակցության ներկայացուցիչները։

Այդ հայտարարությունը փաստարկում են նրանով, որ սնկերն իդեալական կլանիչներ են, այսինքն իրենց մեջ կլանում են շրջակա միջավայրի թունանյութերը, ինչի հետեւանքով անտառում աճող վայրի սնկերի մեջ շատ կադմիում եւ սնդիկ է կուտակվում, որոնց առկայությունը բարձր խտությամբ չափազանց վտանգավոր է առողջության համար։ Սնկերում կարող է կուտակվել նաեւ ռադիոնուկլիդ ցեզիում- 137, որն օրգանիզմին ոչ մի օգուտ չի տալիս։

«Անտառային սնկերում ծանր մետաղների առկայությունը նկատելիորեն ավելի բարձր է, քան ցանկացած այլ՝ բուսական ծագում ունեցող մթերքում», - հայտնել են Սպառողների ընկերակցության աշխատակիցները։

Նշենք, որ առաջին անգամը չէ, երբ բնության  բարիքները մասնագետների կողմից գնահատվում են որպես թունավորման մեծ վտանգ պարունակող մթերք։ Ոչ միայն սնկերը, այլեւ հատապտուղները կարող են թունանյութով «աղտոտված» լինել։ Հապալասը, լոռամրգին, կապույտ հապալասը, մոռը, մոշը, իծամորին եւ սնձի պտուղը կարող են հողից կլանել ծանր միացություններ։



© NEWS.am Medicine